Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունը ստիպեց բոլորին համախմբվել. հայ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմում (Լուսանկարներ)


Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունը ստիպեց բոլորին համախմբվել. հայ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմում (Լուսանկարներ)
Օգոստոս 19 13:29 2017

Օգոստոսի 17֊ին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո քաղաքում շարունակվում է ուժեղ հսկողություն, պահպանվում է անվտանգության ամենաբարձր աստիճանը։ Այս մասին Armday.am -ի հետ զրույցում ասաց մեր հայրենակցուհի Լիանա Սահակյանը, ով այս օրերին ընտանիքի հետ ամառային հանգիստն անցկացնում է Բարսելոնայում։

«Քաղաքում, մարդկանց շրջանում, որպես այդպիսին, խուճապ չկա։ Իհարկե, փողոցը, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, այս օրերին նախկինի նման մարդաշատ չէ։ Լաս Ռամբլասը ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է ու այնտեղ միշտ շատ մարդիկ կային մինչ այս դեպքը։ Երեկ քաղաքի եկեղեցիներում ու հենց Լաս Ռամբլասում մոմավառություն էր, բազմաթիվ մարդիկ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում զոհերի հիշատակին»,-ասաց նա։

Մեր զրուցսկիցը նաև նկատեց, որ մինչ այս դեպքը տեղացիները իրենց բողոքն էին արտահայտում իշխանություններին` դժգոհելով զբոսաշրջիկների մեծ քանակից` նկատելով, թե քաղաքում արդեն դժվար է տեղաշարժվել ու այլ անհարմարություններ էլ կան։

«Այս տարի, նամանավանդ, զբոսաշրջիկների թիվը շատ է, բայց պիտի նշեմ, որ տեղի ունեցածը ստիպեց բոլորին համախմբվել։ Տեղացիներն օգնում էին տուժած օտարազգիներին` նրանց հիվանդանոցներ հասցնելով, լեզվի հետ կապված հարցերում օգնելով և այլն»,- նշեց Լիանան։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, միկոավտոբուսը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով ավելի քան 100 մարդու:

Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ են զբոսնել ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված Fiat-ը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ, չկողմնորոշվելով, պարզապես վազել են փողոցով:

Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել ևս մի քանի հարձակում: Քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին: Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում որոտացել է 2 պայթյուն, ինչի հետևանքով տուժել են ոստիկաններ:
Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչությունը կազմակերպելու մեջ: Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել: