ՀՀ ԱԻ նախարարը պարգեւատրել է «ԻԼ-76»-ի անձնակազմին


ՀՀ ԱԻ նախարարը պարգեւատրել է «ԻԼ-76»-ի անձնակազմին
Օգոստոս 19 12:31 2017

Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին իր մասնակցությունն ավարտեց ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմը՝ ընդհանուր առմամբ իրականացնելով 17 հրդեհաշիջող թռիչք:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանի Հանրապետության տարածքում խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ինքնաթիռը սպասարկող անձնակազմին՝ հրամանատար Եվգենի Սերիխի գլխավորությամբ, պարգեւատրեց ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» եւ ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալներով:

Նշենք, որ Խոսրովի արգելոցում շարունակվում է հետմարման եւ անտառի վերականգնման գործընթացը. տեղում աշխատում են ՀՀ ԱԻՆ փրկարարները, բնապահպաններն ու անտառային տնտեսության աշխատակիցները: