Դատավորի 28-ամյա որդու մասնակցությամբ ավտովթարի գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե. 21-ամյա վիրավորը տեղափոխվել է Ֆրանսիա


Դատավորի 28-ամյա որդու մասնակցությամբ ավտովթարի գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե. 21-ամյա վիրավորը տեղափոխվել է Ֆրանսիա
Օգոստոս 18 23:17 2017

Shamshyan.com-ը գրում է.

Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
Վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Ֆրանսիայի քաղաքացի, 21-ամյա Հրայր Սարգսյանին տեղափոխել են Ֆրանսիա, որտեղ նա պետք է ստանա համապատասխան բուժում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։


Ժամը 21։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 39 հասցեի դիմաց Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ժորա Սևակի Համբարձումյանը իր վարած Infiniti մակնիշի 01 ՕՍ 555 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածով երթևեկող Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Էդգար Յաղմուրյանի վարած Kia մակնիշի 35 ՍP 585 համարանիշի ավտոմեքենային։ Հարվածի հետևանքով Kia-ն մասամբ բախվել էր ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին, իսկ ուղևոր՝ 21-ամյա Հրայր Սարգսյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է և հյուր էր եկել Հայաստան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մինչև շտապօգնության ժամանումը, վիրավորին առաջինը օգնություն են ցուցաբերել բժիշկներ Խաչատուր և Հարութ Հարությունյանները և նրանց հայրը՝ բժիշկ-սրտաբան Ռոմիկ Հարությունյանը:

Հ. Սարգսյանը գտնվում էր վերակենդանամցան բաժանմունքում. բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Inifiniti-ի վարորդ Ժորա Համբարձումյանի հայրը՝ Սևակ Համբարձումյանը, աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, և զարմանալի է, որ դատավոր հայրիկը, իմանալով, որ իր «փափկասուն» բալիկը վթարի մեղավոր է, ում պատճառով երիտասարդ տղայի կյանքի համար պայքարում են բժիշկները, չի բարեհաճել անգամ հետաքրքրվել վիրավորի առողջական խնդիրներով։ Գոնե ձևական այցելեր հիվանդանոց, հետաքրքրվեր վիրավորի որպիսությամբ, սակայն նա ավելի շատ, երևի, զբաղված էր իր տղայի մեղավորությունը կոծկելով։ Այստեղ են ասում՝ աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա։