Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին 565.000 եվրո փոխհատուցում են վճարել ֆրանսիական կալվածքում աշխատած դիզայներին


Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին 565.000 եվրո փոխհատուցում են վճարել ֆրանսիական կալվածքում աշխատած դիզայներին
Օգոստոս 18 15:00 2017

Ինտերիերի հարդարմամբ զբաղվող ֆրանսիացի դիզայներ Օդիլ Սուդանը դատի է տվել նախկին աստղային զույգ Բրեդ Փիթին ու Անջելինա Ջոլիին ֆրանսիական Պրովանսի շատոներից մեկում իրեն աշխատեցնելու ու դրա դիմաց լիարժեք չվճարելու համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, ֆրանսուհին պնդում է նաև, որ նախկին զույգի չվճարելու պատճառով իր դիզայներական ընկերությունը ֆինանսական կոլապսի մեջ է հայտնվել: Աղբյուրը մանրամասնում է, որ Սուդանի Lumières Studio ընկերությունը զբաղվել է Փիթի ու Ջոլիի 17-րդ դարի Château Miraval կալվածքի լուսավորման հարցերով:

Թեև համագործակցող կողմերի միջև պայմանագիր չի կնքվել, այնուհանդերձ՝ Սուդանն ամեն ամիս Ջոլիին ու Փիթին ներկայացրել է արված ծախսերի չափը: Նշվում է, որ ֆրանսուհին կալվածքի լուսավորման նախագծում ներառել է 17 մասնագետի:

Հայցվորի խոսքով՝ որոշ ժամանակ անց ամուսնական զույգը դադարել է իրեն վճարել՝ միևնույն ժամանակ պահանջելով, որ նա գա ու շարունակի աշխատանքը:

Ապրիլին Փարիզի դատարանը վճռել է, որ Փիթն ու Ջոլին պարտավոր են Սուդանին 565.000 եվրո վճարել՝ այդ թվում նաև 60.000 եվրո նրա հեղինակությանը վնաս պատճառելու համար:

Պարբերականը նկատում է, որ վճռի մասին միայն հիմա է հայտնի դարձել: Այժմ փոխհատուցում ստացած կինը պահանջում է, որ դատարանն իրեն ճանաչի որպես կալվածքի լուսավորման նախագծի հեղինակ: Հայտնի է, որ երբ աստղային զույգի ու ֆրանսուհու միջև ֆինանսական հարցի շուրջ տարաձայնություններ են առաջացել, Փիթն ու Ջոլին փաստաթղթերում նշել են, որ կալվածքի լուսավորման նախագծի հեղինակը մեկ այլ մարդ է:

Հայտնի է, որ հոլիվուդյան աստղերը կալվածքը գնել են 45 մլն եվրոյով: Այնտեղ նրանք ունեն խաղողի այգիներ ու զբաղվում են գինու, ինչպես նաև ձիթայուղի արտադրությամբ: