Ռուսաստանում ղարաբաղյան թեմային հատուկ ուշադրություն է հատկացվում. ՌԴ ԱԳՆ


Ռուսաստանում ղարաբաղյան թեմային հատուկ ուշադրություն է հատկացվում. ՌԴ ԱԳՆ
Օգոստոս 18 14:47 2017

Ռուսաստանը միշտ աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազմանն ուղղված քայլերին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Զախարովան նշել է, որ այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները, այդ մասին խոսվել է 2016 թվականի մայիսին Վիեննայում և 2016 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի վեհաժողովների ժամանակ:

«Միևնույն ժամանակ, համանախագահների առաջարկած քայլերի իրականացումը կախված է հակամարտության կողմերի բարի կամքից: Մեր կողմից մենք անում ենք հնարավոր ամեն բան իրավիճակը կայունացնելու և կարգավորման ձեռքբերմանն ուղղված բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու համար: Հենց այդ մոտեցումն է գերիշխել այս տարվա ապրիլին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգորնախարարների հանդիպմանը»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այժմ համանախագահներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հերթական գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ: Այդ նպատակով նրանք այս տարվա հուլիսին բանակցություններ են անցկացրել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նա նշել է, որ խորհրդարկցությունները շարունակվելու են Նյու Յորքում սեպտեմբերի երկրորդ կեսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում: Դրանց արդյունքներով կարվի համապատասխան հայտարարություն:

«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել այն, ինչի մասին մենք պարբերաբար խոսում ենք բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանում ղարաբաղյան թեմային հատուկ ուշադրություն է հատկացվում, այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է և առկա է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգում»,- նշել է նա:



loading...