Բարսելոնայի ահաբեկչության կասկածյալի պնդմամբ՝ իր անձնագիրը գողացել է իր 18-ամյա եղբայրը


Բարսելոնայի ահաբեկչության կասկածյալի պնդմամբ՝ իր անձնագիրը գողացել է իր 18-ամյա եղբայրը
Օգոստոս 18 14:42 2017

Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալը հանձնվել է ոստիկանությանը՝ պնդելով, որ իր 18-ամյա եղբայրը գողացել է իր ինքնությունը հաստատող փաստաթղթերը:

Ոստիկանությունն այժմ որոնում է երիտասարդին, ով ենթադրվում է, որ պատասխանատու է Բարսելոնայի ահաբեկչական հարձակման համար, որի հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել ավելի քան 100 մարդ:

Ենթադրվում է, որ 18-ամյա Մուսա Ուքաբիրը գողացել է իր ավագ եղբոր ինքնությունը հաստատող փաստաթղթերը սպիտակ Renault ֆուրգոնը վարձելու համար, որով նա ավելի ուշ արագության տակ մխրճվել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի Լաս Ռամբլաս փողոցով զբոսնող հետիոտների մեջ:

Երիտասարդը, ով ծագմամբ Մարոկկոյից Իսպանիայի քաղաքացի է, սոցցանցերում ավելի վաղ հրապարակումներ էր արել «անհավատներին սպանելու» մասին:

Սկզբնապես որպես կասկածյալ է հայտարարվել նրա եղբայրը՝ 28-ամյա Դրիս Ուքաբիրը: Նա այնուհետև ներկայացել է Բարսելոնայից հյուսիս՝ Ֆրանսիայի սահմանի մոտակայքում գտնվող Ռիպոլ քաղաքի ոստիկանություն: Ոստիկանությունը նրան ձերբակալել է, երբ նա հայտնել է, որ իր եղբայրը վերցրել է իր ID փաստաթղթերը:

Երեկ Մուսայի եղբոր և մեկ այլ կասկածյալի ձերբակալությունից հետո, ոստիկանությունն այսօր Ռիպոլում ձերբակալել է երրորդ կասկածյալին՝ 34-ամյա մարոկկացու: Մուսան, սակայն, դեռ որոնվում է: Հայտնի է, որ վարորդը դեպքի վայրից փախել է ոտքով:

Oգոստոսի 17-ին Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու: Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:

Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, վիրավորվել է վեց անցորդ և մեկ ոստիկան: Ոստիկանները սպանել են հինգ կասկածյալներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել: Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում: