Թուրքիայում Սարիկ Անդրեասյանի ֆիլմի ցուցադրությունը բողոքի ալիք է բարձրացրել


Թուրքիայում Սարիկ Անդրեասյանի ֆիլմի ցուցադրությունը բողոքի ալիք է բարձրացրել
Օգոստոս 18 16:45 2017

Նախօրեին թուրքական KanalD հեռուստաալիքով ցուցադրվել է ռուսական արտադրության «Պահապանները» ֆանտաստիկ ժանրի ֆիլմը, որը թուրք հանդիսատեսի մոտ բողոքի ալիք է բարձրացրել:

Բանն այն է, որ ֆիլմում Արարատ լեռն ու Վանա լիճը ներկայացվել են որպես Հայաստանի մի մասը: Ֆիլմում դերասանների միջև տեղի ունեցած երկխոսության ժամանակ օգտագործվում է «Հայաստանում՝ Արարատ լեռան մերձակայքում» արտահայտությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ֆիլմի ցուցադրման կապակցությամբ քննադատական հրապարակում է տեղ գտել թուրքական «Aydındlık» թերթում, որտեղ ասվում է, թե իբր «KanalD»-ն միլիոնավոր մարդկանց ստիպում է թուրքերեն դուբլյաժով դիտել արտասահմանյան մի ֆիլմ, որը չի ճանաչում «Թուրքիայի տարածքային ամբողջությունը»: Հրապարակումը կրում է «Արարատը Հայաստանին տվեցին» վերնագիրը:

«Պահապանները» ֆանտաստիկ մարտաֆիլմի ռեժիսորը ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն է:

Ֆիլմում հանդես են գալիս դերասաններ Անտոն Պամպուշնին, Սանժար Մադին, Սեբաստիան Սիսակ, Ալինան Լանինան, Ստանիսլավ Շիրինը և այլք:

ֆիլմը պատմում է խորհրդային շրջանում ապրող սուպեր հերոսների մասին, որոնք ամերիկյան The Avengers-ի կրկնօրինակներն են։ Նրանք ապրում են սառը պատերազմի տարիներին ու երկար ժամանակ թաքցնում են իրենց ունակությունները։ Սակայն, երկրի համար բարդ իրավիճակը հաշվի առնելով՝ ցուցադրում են իրենց կարողություններն ու սկսում են պայքարել։ Այս հերոսները 30 տարբեր երկրների ներկայացուցիչներ են։