Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության առնչությամբ երրորդ կասկածյալն է ձերբակալվել


Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության առնչությամբ երրորդ կասկածյալն է ձերբակալվել
Օգոստոս 18 11:41 2017

Իսպանիայի ոստիկանությունը կատալոնական Ռիպոլ քաղաքում ձերբակալել է Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության առնչությամբ ևս մեկ կասկածյալի: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի ներքին գործերի նախարարության խորհրդական Խոակին Ֆորնը, հայտնում է Associated Press-ը:

Հինգշաբթի Լաս Ռամբլաս փողոցում իրականացված հարձակումից ժամեր անց ձերբակալված երկու կասկածյալներից մեկը ձերբակալվել էր Ռիպոլում, մյուսը՝ Ալկանարում:

Ոստիկանությունը հայտնել է, որ հինգշաբթի ձերբակալված երկու անձանցից ոչ մեկը սպիտակ ֆուրգոնի վարորդը չի եղել, որն արագության տակ մխրճվել էր փողոցով զբոսնող հետիոտների մեջ: Հայտնի է, որ վարորդը դեպքի վայրից փախել է ոտքով:

Oգոստոսի 17-ին Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, միկոավտոբուսը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք և վնասվածքներ հասցնելով 100-ից ավելի մարդու: Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված Fiat-ը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:

Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել ևս մի քանի հարձակում: Քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին: Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում որոտացել է 2 պայթյուն, ինչի հետևանքով տուժել են ոստիկաններ: