Պայթյուններ և վրաերթեր Բարսելոնայի կենտրոնում և իսպանական այլ քաղաքում. ահաբեկչությունների շարքից նոր մանրամասներ են ի հայտ եկել (լուսանկարներ, տեսանյութ)


Պայթյուններ և վրաերթեր Բարսելոնայի կենտրոնում և իսպանական այլ քաղաքում. ահաբեկչությունների շարքից նոր մանրամասներ են ի հայտ եկել (լուսանկարներ, տեսանյութ)
Օգոստոս 18 11:07 2017

Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել ևս մի քանի հարձակում: Քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին: Ենթադրվում է, որ տվյալ հարձակումն առնչություն ունի Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ, երբ միկրոավտոբուսը մարդաշատ փողոցներից մեկում մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ:

Ինչպես նշում է lenta.ru-ն՝ La Vanguardia պարբերականին հղումով, իրավապահներին վրաերթի ենթարկած մեքենայում հայտնաբերվել է սպանված իսպանացի, որին դանակահարել են: Նշվում է, որ ոստիկանությունը կապ չունի տվյալ անձի սպանության հետ:

Ինչ վերաբերում է Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը, ապա վերջին տվյալների համաձայն՝ կա 13 զոհ, 100-ից ավելի վիրավոր: Միկրոավտոբուսի վարորդը դիմել է փախուստի:

Ահաբեկչության գործով ձերբակալվել է 2 կասկածյալ, որոնք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից են: Նշվում է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում որոտացել է 2 պայթյուն, ինչի հետևանքով տուժել են ոստիկաններ:

Ավելի ուշ Բարսելոնայից դեպի հարավ ընկած Կամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մի խումբ փորձել է կրկնել Բարսելոնայի ահաբեկչությունը՝ ֆուրգոնով վրաերթի ենթարկելով մարդկանց: Նրանց գործողությունների հետևանքով տուժել է 6 մարդ, մինչդեռ 5 հարձակվողները սպանվել են:

Ոստիկանությունը ենթադրում է, որ կատարված բոլոր հարձակումները փոխկապակցված են:

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետևանքով զոհերի ու տուժածների մեջ կա 18 երկրի քաղաքացի: Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ խոսքը վերաբերում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Ռումինիայի, Իռլանդիայի, Հունաստանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի և Ալժիրի քաղաքացիներին: