Պետք է անհապաղ իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները.Շարմազանով


Պետք է անհապաղ իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները.Շարմազանով
Օգոստոս 17 22:34 2017

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ղարաբաղյանի հիմնախնդրի շուրջ բանակցությունների շրջանակում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից «շրջադարձային սպասելիքներ» չունի։

«Հնարավոր հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի կողմից կառուցողական միտումներ չկան, և, կարծում եմ, որ որևէ մեկի մոտ գաղտնիք չի լինելու, որ մեր արտաքին գործերի նախարարը պնդելու է հայկական կողմի դիրքորոշումը։ Իսկ հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ է՝ պետք է անհապաղ իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները», - այսօր ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Շարմազանովը։

Նրա խոսքով, առանց վստահության մեխանիզմների ներդրման, շատ բարդ է ակնկալել որևէ առաջընթաց։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ այժմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն աշխատում են հերթական գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ, այդ նպատակով նրանք այս տարվա հուլիսին Բրյուսելում բանակցություններ են վարել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

«Արդյունքում, սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում այդ թեմայով կարվի համապատասխան հայտարարություն: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուսաստանում ղարաբաղյան թեմային ցուցաբերվում է հատուկ ուշադրություն, այն մեր արտաքին քաղաքականության առաջանահերթությունների թվում է», - ասել է Զախարովան։