Չկա որևէ պաշտոնական հայտարարություն, որ «Ելք» դաշինքը պատրաստվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրենսդրական նախագիծ ներկայացնել.Շարմազանով


Չկա որևէ պաշտոնական հայտարարություն, որ «Ելք» դաշինքը պատրաստվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրենսդրական նախագիծ ներկայացնել.Շարմազանով
Օգոստոս 17 22:16 2017

Չկա որևէ պաշտոնական հայտարարություն, որ «Ելք» դաշինքը պատրաստվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրենսդրական նախագիծ ներկայացնել, այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Այդ դաշինքից առնվազն մեկ կուսակցություն կա ոչ նախընտրական փուլում, ոչ հետընտրական փուլում առայսօր չի հայտնել։ Եթե Հանրապետություն և Լուսավոր Հայաստան կուսակցությունները գոնե իրենց առաջնորդների մակարդակով հայտնել են իրենց տեսակետը, ապա առնվազն մինչ այս պահը ես չեմ լսել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից հստակ դիրքորոշում՝ կո՞ղմ են դուրս գալ ԵԱՏՄ-ից, թե՞ ոչ», - հավելեց Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին «Ելք» դաշինքից հնչող հայտարարություններին։

ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, որ ՀՀԿ-ն չի սատարում այդ դիրքորոշումը և գտնում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը արդարացված է, արդյունավետ է։

«Առաջարկում ենք մեր գործընկերներին խոսել ոչ թե էմոցիաներով ու արտաքին քաղաքական ճաշակի առաջնահերթությամբ, այլ՝ փաստերով։ Եթե չմտնեինք ԵԱՏՄ, Հայաստանի բանջարեղենը՝ լոլիկն ու վարունգը պետք է Ֆրանսիայում վաճառեի՞ն։ Ի վերջո, մենք միացել ենք 180 մլն-անոց շուկայի։ Մենք գտնում ենք, որ սա արհեսատական օրակարգ է Հայաստանի քաղաքական կյանքի համար», - հայտարարեց Է.Շարմազանովը։