Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ. Բննախը կոչ է անում զերծ մնալ այդ վայրերում որսից


Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ. Բննախը կոչ է անում զերծ մնալ այդ վայրերում որսից
Օգոստոս 17 14:51 2017

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև՝ մինչ այդ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմում է հանրապետության բնակչությանը` ցուցաբերել զգոնություն և զգուշություն և հորդորում՝ չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին:

Իսկ որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց:

ՀՀ բնապահպանության նախարարը նաև հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝ ուշադրության կենտրոնում պահելով կարմիր գրքում գրանցված կենդանիներին:

«Կոչ ենք անում խստորեն պահպանել նշված պահանջները և մեզ փոխանցել կենդանիների շարժի հետ կապված ձեր ունեցած հավաստի տեղեկատվությունը»,-հայտնում են նախարարությունից: