Հայաստանի ու Արցախի վարչապետներն այցելել են Մատաղիս ու Թալիշ


Հայաստանի ու Արցախի վարչապետներն այցելել են Մատաղիս ու Թալիշ
Օգոստոս 17 14:04 2017

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, ոչ պաշտոնական այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, օգոստոսի 16-ին այցելել է Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններ, եղել Մատաղիս եւ Թալիշ համայնքներում:

Արցախի կառավարությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների գործադիր իշխանությունների ղեկավարներն Ասկերանի եւ Մարտունու շրջաններում ծանոթացել են ոռոգման կաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների եւ ծխախոտի դաշտերի մշակությանը: Այցի ընթացքում ոռոգման կաթիլային համակարգի առավելությունների եւ առանձնահատկությունների մասին համապարփակ ներկայացմամբ երկու վարչապետների համար հանդես է եկել Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Գեւորգ Վերանյանը: Վարչապետ Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝ Արցախի կառավարությունը խրախուսում եւ աջակցում է բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր ցանկություն ունեն իրենց այգիներում տեղադրել այդ համակարգը:

Այնուհետեւ վարչապետներ Հարությունյանն ու Կարապետյանը ուղեւորվել են Մարտակերտի շրջան, եղել Մատաղիս եւ Թալիշ համայնքներում: ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ՝ ԱՀ եւ ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշում ընթացող շինարարական աշխատանքներին, ինչպես նաեւ տեղում քննարկել են համայնքի զարգացմանը վերաբերող մի շարք ծրագրեր:

«Թալիշի վերականգնման ծրագիրը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Անցած տարվա ապրիլին, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով, գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար եւ սոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայում թալիշցիներն այլեւս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել է վարչապետ Հարությունյանը:

Ա. Հարությունյանը եւ Կ. Կարապետյանը Մատաղիսում այցելել են նորաբաց հանգստյան գոտի, որտեղ ծանոթացել են Մատաղիսի ջրամբարի հարեւանությամբ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստի ու ժամանցի պայմաններին: