Ինչու են ավիատոմսերը կտրուկ թանկացել


Ինչու են ավիատոմսերը կտրուկ թանկացել
Օգոստոս 17 12:50 2017

2017թ. 7 ամսվա կտրվածքով ուղեւորահոսքը ավելացել է շուրջ 30 տոկոսով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում  ասաց  ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Այս տարվա 7 ամսվա կտրվածքով եւս մի շատ հետաքրքիր վիճակագրություն ունենք՝ ներգնա հոսքերն ավելի շատ են, քան արտագնան: Այսինքն՝ մեր երիր ավելի շատ մարդ է եկել, քան գնացել է: Սա եւս խոսում է այն մասին, որ չնախատեսված պահանջարկի ավելացում է եղել»,-ասաց նա:

Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ ավիաընկերությունները տեսնելով այս ամենը, հաջորդ տարվա համար պետք է համապատասխան քայլեր անեն:

Անդրադառնալով ավիատոմսերի գների կտրուկ բարձրացմանը, եւ մասնավորապես խոսելով Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի թանկացումից, ապա Ավետիսյանն ասաց, թե այն  կապված է նախատեսված քանակից ավելի պահանջարկի առկայությամբ: 

«Իրենց կողմից նախատեսված քանակից ավելի պահանջարկի դեպքում փորձում են օպերատիվ ձեւով լուծում տալ այս ամենին: Գործընթացը շարունակական է, մենք ամեն օր կապի մեջ ենք, այսօր էլ որոշ արձագանքների ենք սպասում հավելյալ չվերթների մասով: Պետք է բոլորս հասկանանք, որ չվերթ ավելացնելու դեպքում տվյալ ավիաընկերությունը պետք է ունենա ազատ օդանավ: Գնային քաղաքականության մասով մենք մշտապես ասել ենք, որ ուղղակիորեն գնային քաղաքականության վրա չենք ազդում, մենք կարող ենք ունենալ անուղղակի ազդեցություն՝ շնորհիվ մրցակցության ավելացման: Պետք է կամ նստատեղերի քանակը, կամ օդանավերի քանակն ավելացնել»,-ասաց նա: