Հայտնի է այրված անտառների մակերեսը. ԱԻՆ-ը դասեր կքաղի՞


Հայտնի է այրված անտառների մակերեսը. ԱԻՆ-ը դասեր կքաղի՞
Օգոստոս 17 11:43 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով վարում է նիստը, առաջարկեց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանին ներկայացնել վերջին օրերին բռնված խոշոր հրդեհների վերաբերյալ տեղեկություններ: Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնվում է արձակուրդում եւ այդ իսկ պատճառով նիստը վարում է Վաչե Գաբրիելյանը: «Օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Արտավան համայնքի շրջակա տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները ամբողջովին մարված են: Վայոց Ձորում այրվել է 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա-ն՝ անտառածածկ տարածք»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարված են: Պետք է նշել, որ մի քանի օր տեւած հրդեհաշիջման աշխատանքներն անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայակական պայմաններում, լեռնային բարդ ռելիեֆ, երաշտից չորացած խոտածածկ տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ»,- նշեց նա, հավելելով, որ նախնական տվյալներով արգելոցում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա-ն անտառածածկ տարածքներ են:

Կարապետյանի խոսքով հրդեհների մարման աշխատանքներին բացի փրկարարներից մասնակցել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, զինծառայողներ, ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողներ, անտառտնտեսության, բնապահպանության պետական տեսչության , ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներ, մոտակա համայնքների բնակիչներ և բնապահպաններ:
Ըստ նրա՝ իրավիճակն ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ, տվյալ պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: «ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: Քանի որ այս հրդեհները հանրային մեծ քննարկումների առիթ են տվել, ևս մեկ դիտարկում: Հաշվի առնելով այն, որ մի կողմից նման խոշոր հրդեհներ Հայաստանում վաղուց չեն եղել, և հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ նման հրդեհների դեմ պայքարի դժվարությունների մասին, մյուս կողմից արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տարիների ձեռքբերումների և փրկարարների բարեխիղճ աշխատանքը հանրության շրջանում ձևավորել էին սպասումներ, որ այս աղետը ևս հնարավոր է հաշված րոպեների ու ժամերի ընթացքում չեզոքացնել: Ավաղ, անտառային խոշոր հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի ամենազարգացած պետությունների համար»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ այս դեպքերի վերաբերյալ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ՝ քաղված դասերը սերտելու, անտառային հրդեհներին արձագանքելու կարողությունները զարգացնելու նպատակով:

Արձագանքելով էլ Վաչե Գաբրիելյանն ասաց, թե ԱԻ եւ Բնապահպանության նախարարները գտնվում են Վայոց Ձորում, իսկ խնդիրը գտնվում է Սերժ Սարգսյանի ու վարչապետի անմիջական հսկողության ներքո: «Այս պահին ըստ էության խնդիրը լուծված է»,- ասաց փոխվարչապետը: