28-ամյա մոդելը նշանակվել է Սպիտակ տան հաղորդակցության և կապի հարցերով տնօրեն


28-ամյա մոդելը նշանակվել է Սպիտակ տան հաղորդակցության և կապի հարցերով տնօրեն
Օգոստոս 17 00:32 2017

Սպիտակ տան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի 28-ամյա օգնական և նախկին մոդել Հոուփ Հիքսը ժամանակավորապես նշանակվել է հաղորդակցության և կապի հարցերով տնօրենի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Հիքսն աշխատելու է «անցումային հիմունքով»: Հաղորդակցության հարցերով մշտական տնօրենի անունը կնշվի «հարմար պահին»:

Սպիտակ տան այդ պաշտոնը նախկինում զբաղեցնող Էնթոնի Սկարամուչին աշխատանքից ազատվել է հուլիսի 31-ին՝ այդ պաշտոնում նշանակվելու 11-րդ օրը: Հեռացումը տեղի է ունեցել Սպիտակ տան վարչակազմի նոր ղեկավար Ջոն Քելլիի պահանջով: Մի շարք ամերիկյան ԶԼՄ-ների կարծիքով՝ Սկարամուչին պատասխանատու է Սպիտակ տան վարչակազմի նախկին ղեկավար Ռայնս Պրիբասի և ԱՄՆ նախագահի խոսնակ Շոն Սփայսերի հեռացման համար: