Որևէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից.Կարեն Կարապետյանը՝ Խոսրովի արգելոցի հրդեհի մասին


Որևէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից.Կարեն Կարապետյանը՝ Խոսրովի արգելոցի հրդեհի մասին
Օգոստոս 16 23:10 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Խոսրովի արգելոցում մի քանի օր շարունակվող հրդեհին և տեղեկացրել, որ բռնկված հրդեհի հիմնական օջախներն այսօր մարվել են:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր փրկարարներին, ՀՀ արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարություններին, ՀՀ Զինված ուժերին, Ոստիկանությանը, անտառտնտեսությունների աշխատակիցներին, ինչպես նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին:

Երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին, մասնավորապես` ՌԴ կառավարության ղեկավարին` հատուկ տեխնիկա տրամադրելու համար: Շնորհակալ եմ ռուսաստանցի օդաչուներին եւ փրկարարական անձնակազմին՝ կատարած աշխատանքի համար:

Որևէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, և լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ: Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք և համապատասխան հետևություններ չենք անելու:

Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է և արվելու է առավելագույնը՝ հետագայում նման աղետների կրկնությունը հնարավորինս բացառելու համար», -նշել է վարչապետը:

Նկատենք, որ հրդեհը Խոսրովի արգելոցում բռնկվել էր օգոստոսի 12-ին և շարունակվել մինչև այսօր ու այդ ընթացքում վարչապետը որևէ կերպ չէր անդրադարձել խնդրին։