Մոսկովյան բանկում պատանդներ վերցրած հայ գործարարը մասամբ ճանաչել է մեղքը


Մոսկովյան բանկում պատանդներ վերցրած հայ գործարարը մասամբ ճանաչել է մեղքը
Օգոստոս 16 15:06 2017

Անցած ամռանը Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ վերցրած հայ գործարար Արամ Պետրոսյանը մասամբ ճանաչել է մեղքը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն Մոսկվայի շրջանային զինվորական դատարանից՝ նշելով, որ նա մեղադրվում է ահաբեկչության և պատանդներ վերցնելու մեջ։ Փորձագիտական եզրակացության համաձայն՝ Պետրոսյանը մեղսունակ է։

«Համաձայն չեմ ներկայացված մեղադրանքների հետ, ես ահաբեկիչ չեմ: Պատանդներ, այո, վերցրել եմ»,- ասել է Պետրոսյանը, երբ դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը:

Այսօր մեղադրյալը դատարանին հասցեագրված ուղերձ է ընթերցել՝ խնդրելով որպես հանրային պաշտպան հրավիրել ՌԴ Վլադիմիր Պուտինին:

«Խնդրում եմ ձեզ՝ ինչպես տղամարդը տղամարդուն, սպան սպային՝ եղե՛ք իմ հանրային պաշտպանը»,- ասել է նա։

Դատավորի խոսքով՝ հանրային փաստաբանների հրավերը չի մտնում դատարանի իրավասությունների մեջ, բայց եթե պետության ղեկավարը գա, դատարանը նրան թույլ կտա մասնակից լինել լսումներին:

Հիշեցնենք, որ սնանկացած հայ գործարարը ներխուժել էր բանկի մասնաճյուղ ու չորս պատանդ վերցրել՝ սպառնալով պայթեցնել շենքը: Նա այնուհետև ինքնակամ հանձնվել էր իրավապահներին՝ պարզաբանելով, որ այդ կերպ ցանկացել է ուշադրություն հրավիրել բիզնես ոլորտի խնդիրների վրա: