Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագիծ


Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի նախագիծ
Օգոստոս 16 12:17 2017

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ բացառելու համար այն դեպքերը, երբ ՔԿՀ-ները ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց տեսակցությունների վրա նախաքննության մարմինը արգելք է դրել։

Իր ֆեյսբուքյան էջում նա տեղեկացնում է. «Նման արգելքն, իհարկե, ապօրինի է, և մեր դիրքորոշումը արտահայտվում է նախագծի հիմնավորման մեջ, որը ներկայացնում եմ ստորև։

Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի և մուտքի իրավունք ունեն և նման իրավունք վերապահված է նաև ԱԺ պատգամավորին։ Ու չնայած նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և ակնհայտ է, որ 48-րդ հոդվածով սահմանված են հենց նման դեպքեր, անձանց շրջանակ, որոնց հետ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները չի կարելի արգելել, որովհետև օրենքը նրանց օժտել է ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել, այսինքն՝ առանց որևէ արգելքի մուտքի և ելքի իրավունքով, քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը հաճախ այլ կերպ են մեկնաբանում օրենքը և, մասնավորապես արգելում են ԱԺ պատգամավորների տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված այն անձանց հետ, որոնց նկատմամբ տեսակցությունների արգելքի որոշում է կայացված նախաքննության մարմնի կողմից։ Սա հանգեցնում է ԱԺ պատգամավորի գործունեության արհեստական և ոչ իրավաչափ խոչընդոտների։

Առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել»: