Կարեն Կարապետյանը ոչ պաշտոնական այցով Արցախում է. վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին


Կարեն Կարապետյանը ոչ պաշտոնական այցով Արցախում է. վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին
Օգոստոս 16 11:54 2017

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի:

Այդ մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության կառավարության կայքը:

Երկու հանրապետությունների վարչապետները սկզբում ծանոթացել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարական աշխատանքներին՝ կարևորելով այդ ճանապարհի նշանակությունը՝ թե՛ ռազմավարական և թե՛ հարակից շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյուններից:

Վարչապետներն այնուհետև մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին: «Սա պատմական պահ է, քանի որ Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի գործարանի հիմք ենք դնում: Այս նախագիծն իրագործվում է օտարերկրյա ներդրումով՝ նպատակ ունենալով մեծ ծավալներով արտահանել Քարվաճառի ջուրը: Այն նշանակալի ազդեցություն է թողնելու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ, ըստ նախագծի՝ սկզբնական փուլում գործարանն ապահովելու է շուրջ 50 աշխատատեղ՝ խթանելով նաև շրջակա տարածքների ենթակառուցվածքների զարգացումը: Ուստի, կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:

ԱՀ և ՀՀ կառավարությունների ղեկավարներն նաև այցելել են Լև գետի վրա կառուցվող «Լև-1» և Թարթառ գետի վրա գործող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայաններ, ծանոթացել դրանց արտադրական հնարավորություններին: Ա. Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին կառուցված ՀԷԿ-երի շնորհիվ՝ Արցախը դարձել է էլեկտրաէներգիայի սպառման առումով ինքնաբավ, ինչպես նաև բացվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր: