Գողացված քարտով գումար է կանխիկացրել. տեսախցիկը ֆիքսել է


Գողացված քարտով գումար է կանխիկացրել. տեսախցիկը ֆիքսել է
Օգոստոս 15 16:45 2017

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ ուղեւորատար ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 8-ին թիվ 58 երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ հափշտակել են քաղաքացու դրամապանակը, որում եղել են կանխիկ գումար եւ բանկային քարտեր: Հաջորդ օրը՝ հուլիսի 9-ին, գողացված բանկային քարտով բանկոմատից կանխիկացվել է գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է տեսանկարահանող սարքերի՝ տվյալ գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ գողացված քարտով գումար կանխիկացրած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

«Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ: