Վայոց ձորում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 320 հա անտառածածկ տարածք


Վայոց ձորում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 320 հա անտառածածկ տարածք
Օգոստոս 15 16:44 2017

Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում բռնկված հրդեհը, կրակի դեմ 5-օրյա պայքարից հետո, օգոստոսի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Caterpillar հատուկ տրակտորներով փորվել են բազմաշերտ (4-10 մ լայնությամբ) խրամատներ. հրդեհի տարածումը գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է, տարածման վտանգ չկա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, օգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ այրվել է շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ:

ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 100 փրկարարական ծառայող և 9 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենա: Հրդեհաշիջմանը ներգրավվել են՝ ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռը, «Լիդիան Արմենիա» ընկերության 14 աշխատակից և Caterpillar D10 տեսակի՝ 2 և Caterpillar D9 տեսակի՝ 1-ական տրակտոր, 3 միավոր «Կամազ» մակնիշի 10 տոննա ջրատարողությամբ ջրատար, բարձր անցանելիության 3 մարդատար մեքենա, ՀՀ ՊՆ ԶՈՒ ստորաբաժանումների 270 և ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության զորքերից՝ 150 ծառայող, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 12, անտառնտեսության 40, Բնապահպանության պետական տեսչության 4 աշխատակից, ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան, Սարավան և Զառիթափ գյուղերի շուրջ 100 բնակիչ: