Փաստաբանների պալատի հայտարարությունը՝ փաստաբան Արայիկ Պապիկյանին սպառնալու վարքագծի վերաբերյալ


Փաստաբանների պալատի հայտարարությունը՝ փաստաբան Արայիկ Պապիկյանին սպառնալու վարքագծի վերաբերյալ
Օգոստոս 15 15:08 2017

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներ ներկայացնելու վարքագիծը:

ՀՀ փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը, նրա ընտանիքի անդամները եւ նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

ՀՀ քրեական օրենսգրքի 323.3 հոդվածը քրեական պատիժ է նախատեսել այն անձի համար, որը փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք է ներկայացրել` կապված փաստաբանի լիազորությունների իրականացման հետ:

Դեպքի առթիվ փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից արդեն իսկ հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմիններին կոչ ենք անում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ փաստաբան Արայիկ Պապիկյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ ներկայացրած անձին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար միջոցներ»: