Նոր մանրամասներ Վանաձորում հնչած կրակոցների դեպքից


Նոր մանրամասներ Վանաձորում հնչած կրակոցների դեպքից
Օգոստոս 15 00:50 2017

2017 թվականի օգոստոսի 14-ին` ժամը 22:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Էդմոն Սերյանի Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ի ֆեյսբուքյան էջը։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել Է.Հարությունյանը հրազենայի վնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 64 շենքին հարակից տեղանքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թվով 2 պարկուճ, 1 գնդակ և արնանման 2 հետք:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Էդմոն Հարությունյանին տուժող ճանաչելու մասին, առգրավվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն ընդունվելու պահին նրա հագուստները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնել հանցագործության գործիքը, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ :