Օդեսայից խոշոր չափերի թմրանյութ էին բերել. Հարուցվել է քրգործ


Օդեսայից խոշոր չափերի թմրանյութ էին բերել. Հարուցվել է քրգործ
Օգոստոս 14 17:13 2017

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երեւանի 34-ամյա բնակչին:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի 34-ամյա բնակիչը, ով հետաքրքրություն է ունեցել թմրամիջոցների նկատմամբ, 2015 թվականին իր ընկերոջ միջոցով ծանոթացել է Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաքում բնակվող հայազգի մի տղամարդու՝ Արթուրի հետ։ Վերջինս առաջարկել է Օդեսայից լավ թմրանյութ ուղարկել Երեւան։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաքված թմրամիջոցի մի մասը 34-ամյա տղամարդը պետք է թողներ Արթուրի մատնանշած վայրում, իսկ որոշ մասն էլ պահեր իր մոտ՝ անձնական օգտագործման համար։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տղամարդը 2017թ. հունիսի 1-ին Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող ուղեւորափոխադրող ընկերությունից իրացնելու նպատակով ստացել է ծանոթի կողմից ուղարկված առանձնապես խոշոր չափերի՝ 34.83 գրամ «a-PVP» տեսակի թմրամիջոցը, որը թաքցված է եղել կոշիկի տուփում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւանի 34-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է՝ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը մասնակցություն ունեցած շրջանակը պարզելու ուղղությամբ։