Գյուղացիներին այլ բան չի մնում, քան «մեծացնել ու լայքել» նախարարի լուսանկարները


Գյուղացիներին այլ բան չի մնում, քան «մեծացնել ու լայքել» նախարարի լուսանկարները
Օգոստոս 14 13:16 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել էր գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով:

Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից էլ շտապել էին հայտնել, թե Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարության գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: Առաջին հայացքից հուսադրող հայտարարություն է, բայց, իհարկե, միայն առաջին հայացքից: Գյուղին եւ գյուղացուն աջակցելու մասին հայտարարություններ հնչել են Հայաստանի բոլոր վարչապետերի շուրթերից, որոնք երբեք իրականություն չեն դարձել:
Գյուղին եւ գյուղացուն օգնելու, տարբեր բնույթի գեղեցիկ ծրագրեր մշակվել եւ դարձյալ իրականություն չեն դարձել փոփոխվող նախարարների կողմից: Ամպագորգոռ հայտարարություններ անելու մոլուցքով ինչպես նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն, այնպես էլ ներկայիս նախարար Իգնատի Առաքելյանը տառապում են: Այն, որ Հայաստանում գյուղատնտեսության վիճակը, մեղմ ասած, անմխիթար է, ակնհայտ է դառնում ցանկացած համայնք այցելելու ժամանակ:

Գյուղացիներին աջակցելու իրական ծրագրերի փոխարեն գյուղնախարարները զբաղված են դատարկաբանությամբ եւ ֆոտոսեսիայով: Հետեւելով գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքին եւ սոցիալական ցանցերում նախարարության լրատվականի տարածած հաղորդագրություններին եւ լուսանկարներին, տպավորություն է ստեղծվում, թե Իգնատի Առաքելյանը մրցույթի է մասնակցում, եւ տարբեր դիրքերից լուսանկարները արվում են ի տես աշխարհի, թե ահա եկել է գյուղատնտեսության «փրկիչը», եւ որ այլեւս մթերման խնդիրներ չեն առաջանա, որ գյուղացիների պարտքերը ժամանակին կմարվեն: Գյուղնախարարի ֆոտոսեսիայից ամպերը կկարկամեն եւ կարկուտ չի տեղա:

Իրականությունը, սակայն, ցավալիորեն այսքան ծիծաղելի չէ: Յուրաքանչյուր տնտեսության զարգացման հիմնաքարը գյուղատնտեսությունն է: Սակայն տարիներ շարունակ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ որեւէ էական քայլ չի կատարվում, ինչի արդյունքում հողերի մեծ մասը մնում է անմշակ, իսկ գյուղերը դատարկվում են:

Այս ամենն ունի նաեւ իր «տրամաբանական» բացատրությունը: Գյուղնախարարի պաշտոնում նշանակվում են անձինք, որոնք որեւէ կապ չունեն ոլորտի հետ: Օրինակ, նախկին նախարար Սերգո Կարապետյանին մշտապես մտահոգում էր սեփական բիզնեսը զարգացնելը, իսկ գործող նախարար Իգնատի Առաքելյանն էլ գյուղատնտեսությունից այնքան հեռու է, որքան, ասենք, Հայաստանի արտաքին պարտքը մարելու հույսերը:
Քանի դեռ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն իր տեղում չէ, ակնկալել, որ համակարգային փոփոխություններ կկատարվեն, անիմաստ է:

Գյուղաբնակներին էլ այլ բան չի մնում, քան հողի հետ աշխատանքը դադարեցնել եւ ֆեյսբուք սոցիալական ցանցում զվաղվել  նախարար Առաքելյանի լուսանկարները «մեծացնելով ու լայքելով»:

Փայլակ Ֆահրադյան