Ինչպես տարբերել օրիգինալ պայուսակը կեղծից


Ինչպես տարբերել օրիգինալ պայուսակը կեղծից
Օգոստոս 13 22:33 2017

Դուք երկար ժամանակ է, ինչ ցանկանում եք այդ պայուսակը և գումար հավաքելուց հետո որոշում եք վերջապես գնել այն: Սակայն մինչ այն գնելը պետք է շատ ուշադիր լինեք, թե արդյոք այդ պայուսակը իսկապես օրիգինալն է, թե ուղղակի էժանագին նմանակ է: Կնոջ համար ճոխ պայուսակ գնելը նույնն է, ինչ տղամարդկանց համար թանկարժեք մեքենա գնելը:
Այսօր մենք ձեզ մի քանի խորհուրդներ կտանք, որոնք կօգնեն ձեզ խուսափել խաբվելուց և կեղծ պայուսակներ գնելուց:
Ուշադրություն դարձրեք մանրուքներին
Բոլոր հայտնի բրենդերը միշտ մինչ ապրանքը սպառողներին հասցնելը մանրամասնորեն ուսումնասիրում են, որպեսզի դրանք որևէ թերություն չունենան: Բոլոր կարերը պետք է իդեալական լինեն, և ոչ մի կար չպետք է թուլացած լինի: Բոլոր դիզայներական պայուսակները ձեռագործ են, և եթե նույնիսկ ձեզ վաճառողներն ասում են, որ դա ուղղակի գործարանային թերություն է, մի՛ հավատացեք նրանց: Դիզայներական պայուսակների համար գործարանային թերություններ գոյություն չունեն:

Կոճակներ և կայծակնաճարմանդներ
Կարևոր ուշադրություն դարձրեք մանրուքներին, ինչպես օրինակ կոճակներին, կայծակնաճարմանդներին և կողպեքներին: Դրանց որակը պետք է իդեալական լինի և դրանց վրա պետք է թվեր լինեն, ինչը որակի ևս մեկ ցուցանիշ է:

Նյութը
Հայտնի բրենդերը կոշտ կաշի չեն օգտագործում: Նրանք միայն բարձրորակ նյութեր են օգտագործում: Կաշվե պայուսակները չպետք է յուղոտ և կպչուն լինեն: Որոշ դիզայներական պայուսակներ կարող են փափուկ և ճկուն լինել, սակայն դրանք ցանկացած դեպքում պահպանում են իրենց ձևը:

Բրենդի անունը
Երբեմն մենք այնքան ենք կենտրոնանում մանրուքների վրա, որ չենք նկատում ամենակարևորը՝ բրենդի անունը: Հետաքրքիր է, որ կեղծ ապրանքները հաճախ անունները այլ տառատեսակով են տեղադրում և տառերն ավելի անորոշ և սխալներով են գրում: Իսկ գնապիտակները շատ ավելին կարող են ասել:

Սերիական համարը
Սերիական համարն ամենակարևոր գործոններից մեկն է: Ապրանքը պետք է անպայման պիտակ ունենա՝ սերիական համարը հատուկ նշված, որը առանց վնասելու անհնար կլինի պոկել: Իսկ կեղծ ապրանքների վրա հաճախ ուղղակի սոսնձված համարներ են լինում:

Փաթեթավորումը
Հիշեք՝ թանկարժեք դիզայներական պայուսակները միշտ թանկարժեք փաթեթավորումներ ունեն՝ պատրաստված բարձրորակ նյութերից: Փաթեթավորումը չպետք է որևէ թերություն ունենա: Բոլոր հավելյալ աքսեսուարները պետք է փաթեթավորվեն պայուսակի հետ միասին: Դրանք երբեք առանձին չեն վաճառվում:

Այլ հատկանիշներ
Մինչ խանութն այցելելը փորձեք մի փոքր ուսումնասիրություն կատարել տարբեր բրենդերի մասին: Հիշեք, որ ամեն բրենդ ունի իրեն հատուկ հատկություններ:
Օրինակ՝ Prada-ն երբեք իր պայուսակների ներսի հատվածի գույնը շատ տարբերվող չի դարձնում պայուսակի արտաքին գույնից: Միանման ներքին և արտաքին գույներ ունենալը հատուկ է հենց Prada-ին: Իսկ Dior-ը յուրահատուկ կարմիր գույնի ներքին աստառ ունի՝ բրենդի անունը տպված ողջ մակերևույթով: Փայլուն մետաքսանման աստառի կտորը արդեն իսկ վատ նշան է:

 



loading...