Արցախում անդրադարձել են ԼՂՀ միջազգային ճանաչման հարցին


Արցախում անդրադարձել են ԼՂՀ միջազգային ճանաչման հարցին
Օգոստոս 12 22:12 2017

Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 12-ին ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոյին։ Այս մաիսն  տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կարեն Միրզոյանը ողջունել է Ռուբինա Բերարդոյի այցը Արցախ եւ հույս հայտնել, որ այն թույլ կտա լավագույնս ծանոթանալ Արցախի իրողություններին եւ երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ գործնական կապեր հաստատելու հնարավորությունները։ Այս կապակցությամբ Կարեն Միրզոյանը նշել է, որ Արցախի եւ տարբեր երկրների միջեւ համագործակցության ընդլայնումը կարեւոր ներդրում է տարածաշրջանում կայունության ապահովման համար։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը: