Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Վայոց ձորում բռնկված հրդեհի վերաբերյալ


Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Վայոց ձորում բռնկված հրդեհի վերաբերյալ
Օգոստոս 12 13:01 2017

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում, հրդեհ է բռնկվել, հետագա օրերին հրդեհը տարածվել է՝ ներառելով մի քանի հարյուր հեկտար տարածք, որի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են մի շարք ծառայություններ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությամբ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով և 297-ի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում։

Մշակվել է քննչական պլան, աշխատանքայի վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով։ Մատնանշված հանգամանքներն ստուգվում են։ Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։