Նպատակը վախեցնելն է․ Վահրամ Միրաքյանը կշարունակի բանան ներկրել


Նպատակը վախեցնելն է․ Վահրամ Միրաքյանը կշարունակի բանան ներկրել
Օգոստոս 11 17:45 2017

«Ըստ էության այդպես է ստացվում, այսինքն պարզ է, որ քրեական գործը դեռ իր տրամաբանական ավարտին չի հասել, բնականաբար ենթադրություն անելը ոչ պրոֆեսիոնալ է, բայց ամեն դեպքում եթե նախնական եզրակացնենք, ապա այո, դա է»։ Armday.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Բանան ներկրող ընկերություններից մեկի՝ «Տրոպիկա»-ի սեփականատեր Վահրամ Միրաքյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե փաստացի Հայաստանում բիզնես գործունեություն ծավալողների նկատմամբ խոչընդոտներ են ստեղծում։ Հիշեցնենք, որ երեկ գիշերը անհայտ անձիք մտել էին ընկերության տարածք եւ ազոտական թթու (կիսլոտա) լցրել սառնարանների կոմպրեսորների վրա:

Այսօր Վահրամ Միրքյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր արել․ «Ոստիկանության փորձագիտական բաժնից եկան, հետազոտեցին, նմուշներ վերցրեցին, իրենց նախնական եզրակացությամբ էլ ծծմբաթթու էին լցրել կոմպրեսորներին։ Հետո սոդայով ու սոդայաջրով լվացինք մի քանի ժամ, կարծես մաքրվեց, մենակ շարժիչների ներսում դեռ անհասկանալի է, թե ինչ է կատարվում։ Մեծ վնասներ չենք կրել որակյալ կոմպրեսորների պատճառով։ Ոստիկանությունը տարբեր մակարդակներում մեծ պատրաստակամություն է դրսևորում հանցագործին գտնելու համար, հուսով եմ՝ արդյունք կունենան։ Ինչպես ինձ, այնպես էլ թեմային հետևող հազարավոր մարդկանց համար հանցագործին չգտնելու դեպքում էլի ամրանալու է այն դիրքորոշումը, որ Հայաստանում դժվար է բիզնես անել, առանց կրիմինալ հարցերում հայտնվելու։ Բացի այդ, եթե չբացահայտվեց, մեսիջ կհանդիսանա, կրկնօրինակման թեմա կտա այլ նմանատիպ շրջանակների համար, որ բիզնեսում շատ հարցեր կարելի է լուծել մրցակցի սրահը վառելով, մեքենան պայթեցնելով և այլն։ Ու գուցե թեման շարունակություն ստանա, ինչպես մեր, այնպես էլ այլ մարդկանց հետ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն առաջարկեցին զանգելով, գրելով կամ հանդիպելով, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին։ Օգնելու առաջարկ անողներին ասեմ, քանի որ բնականաբար շարունակելու ենք բանանի ներկրումով զբաղվել, ու խնդիր ունենք ծավալները մեծացնել, հիմա մեզ լավագույն օգնելու տարբերակը կլինի առաջարկել մարդկանց կամ տարբերակներ, մեծածախ իրացումը մեծացնելու, վաճառելու համար»:

Armday.am-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին Միրքյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանում դեռ կան ոլորտներ, որտեղ քարեդարյա մեթոդներով են փորձում աշխատել։ Հարցին, թե գաղտնիք չէ, որ Հայաստանում բանան ներկրելու մենաշնորհը պատկանում է «Քեթրին» գրուպ ընկերությանը, որը կապվում է ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ, կան կասկածներ, որ տեղի ունեցածի մեջ նրանց մատն է խառը։ «Ոստիկանության հետ աշխատում ենք բնականաբար, ինչ հիմքեր լինի ես իրենց կասեմ, այս պահին որեւէ հիմք չկա դրա մասին խոսելու»,- ասաց Վահրամ Միրաքյանը, հավելելով, որ շարունակելու է բանան ներկրել։ «Վնասելու, կամ վախեցնելու համար են անում։ Բնականաբար շարունակելու ենք բանան ներկրել»,- նշեց Միրաքյանը, հույս հայտնելով որ իրավապահները կբացահայտեն տեղի ունեցածը, որը խիստ կարեւոր է։

Փայլակ Ֆահրադյան