Ովքե՞ր են հարցաքննվել Մանուկ Սիմոնյանի սպանության գործով


Ովքե՞ր են հարցաքննվել Մանուկ Սիմոնյանի սպանության գործով
Օգոստոս 11 17:13 2017

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, այդպիսի փաստեր կան: Այս մասին Tert.am-ին  հայտնել է Մանուկ Սիմոնյանի հարազատ եղբայրը՝ Արամ Սիմոնյանը:
«Նման հեռախոսի խոսակցություն կա: Ես չեմ ուզում հիմա բացել, բայց եթե կարիք լինի, դա էլ կհրապարակեմ: Իր հեռախոսային խոսակցությունն ինչ-որ մարդու հետ, չգիտեմ ում հետ է խոսում, բայց ձայնը հաստատ իրենն է: Մանուկը այդպես էր անում միշտ, իր կյանքին ինչ-որ վերաբերել է, նա ամեն ինչ ձայնագրել է»,- հայտնել է Արամ Սիմոնյանը:

Աղմկոտ եւ դաժան սպանության վերաբերյալ մամուլում հասակական տեղեկություններ են շրջանառվում։ Այսօր էլ Հայաստանի քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Armday.am-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեց, թե ովքեր են հարցաքննվել գործի շրջանակներում եւ արդյո՞ք Մանուկ Սիմոնյանի եղբոր հայտարարությունները նախաքննություն իրականացնող մարմնի կողմից ուսումնասիրվելու են։ «Հարցաքննվում են տարբեր անձինք եւ այս փուլում քանի դեռ նախաքննությունը շարունակվում է, հարցաքննվող անձանց շրջանակը ենթակա չէ։ Բազմակողմանի քննություն տարվում է, քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Մանուկ Սիմոնյանի կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել է կնոջ կողմից, եւ նրան առաջադրվել է մեղադրանք։ Քննությունը շարունակվում է, եւ ամբողջական տեղեկատվություն կարող ենք տրամադրել միայն նախաքննության ավարտից հետո»,- ասաց Սոնա Տռուզյանը։

Ինչ վերաբերում է Մանուկ Սիմոնյանի եղբոր հայտարարությանը, ապա Սոնա Տռուզյանը նշեց, թե բազմակողմանի քննություն է տարվում։ «Մամուլում շատ տարբեր «տեղեկություններ» են հրապարակվում, որոշ դեպքերում մարդկանց կյանքի մասնավոր տեղեկություններ, որոնք այս պահին ես չեմ ցանկանում մեկնաբանել»,- ասաց Տռուզյանը։