Հայաստանը եւ Չինաստանը նախաստորագրել են օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագիր


Հայաստանը եւ Չինաստանը նախաստորագրել են օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագիր
Օգոստոս 10 12:26 2017

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարվող քաղաքականությունը միտված է ընդլայնելու համագործակցությունը նաեւ արեւելյան գործընկերների հետ եւ հաստատելու ուղիղ օդային հաղորդակցություններ այս ուղղություններով: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն Արեւելքում ՀՀ-ի ստրատեգիական գործընկերներից է, եւ այս պետության հետ հարաբերությունների զարգացմանը համահունչ, անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար վերանայել գործող իրավապայմանագրային դաշտը:

Այսպես, չին գործընկերների հետ բանակցությունները 2017 թվականին տվել են սպասված արդյունքը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հրավերով օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը՝ մասնակցելու երկօրյա բանակցությունների:

ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի տեղակալ Արսեն Պողոսյանը, ողջունելով չին գործընկերներին, ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա վիճակը, կատարված բարեփոխումները, այդ թվում նաեւ՝ Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի դյուրացումը, որոնք եւս միտված են երկու երկրների միջեւ համագործակցության խթանմանը:

Չին պատվիրակները, իրենց հերթին ներկայացնելով Չինաստանի ավիացիոն իշխանության ոլորտում արձանագրած ցուցանիշները, նշել են իրենց հետաքրքրվածությունը Չինաստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ չվերթների կազմակերպման վերաբերյալ, անդրադարձ են կատարել մասնագետների վերապատրաստումների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը եւ միջկառավարական համագործակցության զարգացմանը:

Այցի շրջանակներում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը եւ ստորագրվել է երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջեւ փոխըմբռնման հուշագիրը:

Տեղեկացնենք, որ համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների հարաբերությունները թռիչքային, ավիացիոն անվտանգության ապահովման, լիցենզիաների եւ վկայականների փոխճանաչման եւ մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաեւ՝ ամրագրվում են երկու պետությունների ավիաընկերություններին թույլտվությունների տրամադրման սկզբունքները:

Բանակցությունների արդյունքում երկու պետությունների ավիացիոն իշխանությունները եկել են համաձայնության երկու պետությունների ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրել օդի 5-րդ ազատության իրավունքով երթուղիների շահագործման իրավունք:

Հայկական պատվիրակությունը, ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգից ստացել է հրավեր՝ մեկնելու Չինաստան՝ չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկելու դեպի ՀՀ չվերթների իրականացման համար գործնական քայլերը:

Հիշեցնենք, որ 1997 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ» համաձայնագիրը կորցրել էր արդիականությունը եւ առաջացել էր վերանայման անհրաժեշտություն: