Տարոն Մարգարյանը չի հրաժարվել Շահեն Հարությունյանին դատի տալու մտքից. քաղաքապետը մերժել է Խաժակյանի դիմումը


Տարոն Մարգարյանը չի հրաժարվել Շահեն Հարությունյանին դատի տալու մտքից. քաղաքապետը մերժել է Խաժակյանի դիմումը
Օգոստոս 9 17:36 2017

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մերժել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի  դիմումը: Նշենք, որ Դավիթ  Խաժակյանը  դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս հրաժարվի Շահեն Հարությունյանի նկատմամբ վարչական դատարան ներկայացրած դիմումից։

Այսօր Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է Խաժակյանի դիմումին, որը բացասական է եղել: Այս մասին Armday.am-ին տեղեկացրեց Դավիթ Խաժակյանը: 

Նշենք, որ հայցվոր կողմը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաք անցկացնելու համար:

 Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 16-ին Հաց բերող՝ Արթուր Սարգսյանի մահվանը հաջորդած օրերին, ի հիշատակ նրա, Շահեն Հարությունյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիաներ անցկացվեցին Երևանում: Շահեն Հարությունյանը բազմիցս հայտարարել է, որ ակցիաները եղել են ինքնաբուխ, եւ բացի այդ իրադարձությունները զարգացել էին այնպես, որ հնարավոր չէր նախապես քաղաքապետարան իրազեկում ներկայացնել: 

Ավելի վաղ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իրեն դատի տալուն գրել էր. ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ՀԻՄԱ ԷԼ ԿՐԿԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ…
Երևան քաղաքի ոստիկանապետ, ՀՀ ոստիկանության գնդապետ՝ Ս. Մարտիրոսյանի դիմումի համաձայն, Երևանի քաղաքապետարանի լիազորված անձի՝ Անդրանիկ Մուրադյանի միջնորդությամբ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաստատմամբ, ՀՀ վարչական դատարանում ընդունվել է վարույթ ընդդեմ ինձ՝ կապված Հաց Բերողի սպանությանը հաջորդող բողոքի ցույցերի կազմակերպման հետ: Նախնական տվյալներով՝ ինձ ուղարկվել է 5 վարույթ, որոնցից դեռևս մեկն է ընդունվել վերաքննիչ դատարան, դատավոր՝ Կարեն Զարիկյանի կողմից: Ցանկանում են պատասխանատվության ենթարկել ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասով:
Դատական նիստը նշանակվել է սույն թվականի հունիսի 20-ին, ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում, թիվ 333 դատական նիստերի դահլիճ:

Հ.Գ. Ես ունեմ իմ վրա դատվածություն՝ չորս տարի պայմանական ազատազրկում: «Պատիժս» կրում եմ պայմանական ազատության մեջ: Մեկ վարչական դատավճիռն էլ կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի կալանավորեն և բանտում տեղավորեն նաև ինձ:

Հ.Գ.Գ. Զարմանում եմ, թե ինչպես է Տարոն Մարգարյանը իր մեջ այդքան ստորություն գտել, որ կարողանա ինձ դատի տալ իմ քաղաքական պայքարի համար:Չէ՞ որ Տարոն Մարգարյանի հորը՝ Անդրանիկ Մարգարյանին, Սովետական միությունը դատել է քաղաքական պայքարի համար: Ի վերջո, Տարոնի հայրը անդամագրվել է պապիկիս՝ Շահեն Հարությունյանի և նրա ընկերների ստեղծած կուսակցությանը՝ ԱՄԿ-ին: Ի վերջո Անդրանիկ Մարգարյանը որոշ չափով եղել է նաև հորս՝ Շանթ Հարությունյանի պայքարի ընկերը:

ԴԵ ԻՆՉ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ:
Ազատություն Հայաստանի և աշխարհի բոլոր քաղբանտարկյալներին:

Հավելենք, որ Շահեն Հարությունյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Փայլակ Ֆահրադյան



loading...