Արցախում հիմնվել է ձեռագործ աշխատանքների սոցիալական բիզնես և վերնիսաժ


Արցախում հիմնվել է ձեռագործ աշխատանքների սոցիալական բիզնես և վերնիսաժ
Օգոստոս 9 16:41 2017

«Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամը ձեզ է ներկայացնում նոր սոցիալական բիզնես՝ ստեփանակերտյան առաջին վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել արցախցի վարպետների կողմից կավով, փայտով, թելով պատրաստված կիրառական իրեր և գեղեցիկ հուշանվերներ: Վերնիսաժը գործում է ս.թ. հուլիսի 1-ից՝ նպատակ ունենալով Արցախում տարածել կիրառական արվեստի նշյալ ճյուղերը, նոր աշխատատեղեր ստեղծել Ստեփանակերտում և շրջաններում, ինչպես նաև ստեղծագործությունների ցուցադրությունների և վաճառքի միջոցով ներկայացնել արցախյան արվեստը: Հիմնադրամն այդ ամենը կազմակերպում է առանց շահույթ հետապնդելու՝ պարզապես ինքնադրսևորման և վաճառքի հարթակ տրամադրելով արցախցի վարպետներին՝ կարիքի դեպքում ապահովելով նաև վերապատրաստման հնարավորություններ: Ուստի, հրավիրում ենք բոլորին այցելել վերնիսաժ, ծանոթանալ մեր գործերին և աջակցել Արցախում այս կարևոր սոցիալական բիզնեսի կայացմանը:

Ուշագրավ է, որ, բացի հմուտ վարպետների աշխատանքների վաճառքից, մենք շաբաթական պարբերականությամբ կազմակերպում ենք նաև կավագործության և ձեռագործի բաց դասեր բոլոր ցանկացողների համար՝ տեղացիներից մինչև զբոսաշրջիկներ:

Հետևե՛ք հիմնադրամի ֆեյսբուքյան էջին հետևյալ հղմամբ և տեղեկացված կլինեք մեր նորություններից ու անընդհատ թարմացվող առաջարկներից: Մեր հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 16/­38, Արմատներ սրճարան-կենսակենտրոն (Ստեփանակերտի շախմատի ակումբի դիմաց): Նշենք, որ պատվերներ ընդունվում են նաև առցանց ճանապարհով՝ հիմնադրամի ֆեյսբուքյան էջին նամակ գրելու միջոցով: Անհրաժեշտության դեպքում, մենք սիրով կապահովենք նաև ապրանքների առաքումը: Ի լրումն վերոնշյալ հնարավորությունների՝ վերնիսաժին զուգահեռ գործող «Արմատներ» սրճարանում կազմակերպվող միջոցառումները (երաժշտական, ստեղծագործական երեկոներ, կինոդիտումներ, քննարկում,դասընթացներ և այլն) Ձեր երեկոն կդարձնեն ավելի հագեցած ու հետաքրքիր:

Մամուլի հաղորդագրություն