Լրագրողների պատճառով եմ հրաժարական տվել․ Արդվիի գյուղապետի ցինիկ պահվածքը


Լրագրողների պատճառով եմ հրաժարական տվել․ Արդվիի գյուղապետի ցինիկ պահվածքը
Օգոստոս 9 15:26 2017

Ոսկու արդյունահանման աղմկահարույց ծրագրի կիզակետում հայտնված Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյանը հրաժարականի դիմում է գրել, սակայն համայնքի ավագանին նրա հրաժարականը չի ընդունել: Մեկ ամիս է Լոռու մարզի Արդվի համայնքում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Ինչպես հայտնի է «Միռամ» ընկերությունը ցանկանում է համայնքում ոսկու հանք շահագործել, ինչին դեմ են արտահայտվում գյուղացիները։ Ընկերությունը կապվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անվան հետ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն Բաղդասարյանը ընկերությունում «փայ» ունի, եւ ամեն կերպ ցանկանում է հանքի շահագործումը կյանքի կոչել։

Ավելի վաղ Արդվի համայնքի ղեկավար Սամվել Կիրակոսյանը հայտարարել էր, թե համայնքն ինչպես կորոշի, այնպես էլ կանեն։ «Համայնքը զորավոր է» արտահայտությունը սակայն այս դեպքում որեւէ արժեք չունեցավ, որովհետեւ նժարին դրված էր իշխանական էլիտայի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանի անհագ ցանկությունը։

Armday.am-ի հետ զրույցում համայնքապետ Սամվել Կիրակոսյանը պատասխանելովայն հարցին, թե ինչո՞ւ որոշեց հրաժարական ներկայացնել, հայտարարեց, թե որպեսզի լրագրողներն իրեն անըդհատ չզանգահարեն։ «Էդ վիճակը, որ օրը 58 անգամ նույն բանը զանգեն ձեզ հարցնեն, ուզում է լրագրող լինենք, ուզում ա ճարտարապետ, ձեր նյարդերը տեղի չեն տա»,- ասաց գյուղապետը, հերքելով թե որեւէ ճնշում իր նկատմամբ չկա։ Դիտարկմանը, թե Վահրամ Բաղդասարյանն է եղել պատճառը Սամվել Կիրակոսյանը հայտարարեց․ «Վահրամ Բաղդասարյանը նորմալ մարդ ա, ինչ եք ուզում, վերջացրեք»։ Սամվել Կիրակոսյանը այլ հարցերի պատասխանել չցանկացավ։
Այն, որ Սամվել Կիրակոսյանն այս կերպ էր պատասխանելու ավելի քան պարզ էր։ Կիրակոսյանը, ինչպես եւ շատ ու շատ համայնքապետեր օրվա իշխանությունների «պատանդն» են։ Նրանք համարվում են «փոքրիկ տոկոս խփողներ», որոնց հիմնական գործառույթը վերնախավի հրահանգը կատարելն է։

Փայլակ Ֆահրադյան