«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» սկսել է շահույթով աշխատել


«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» սկսել է շահույթով աշխատել
Օգոստոս 9 14:47 2017

Ծխախոտի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2016 թվականին ունեցել է 312.7 մլն դրամի շահույթ։ Այդ մասին տեղեկանում ենք B4B PRO համակարգից, որի օգնությամբ մշակվել են «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» տարեկան ֆինանսական հաշվետվությունների տվյալները։

Նշենք, որ մինչ այդ՝ 2014 և 2015 թվականներին, «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» գրանցել էր վնասներ, համապատասխանաբար, 399 և 355.2 մլն դրամ վնասով։

Աճել է նաև ընկերության հասույթը՝ 12.8 մլրդ դրամից հասնելով 15.3 մլրդ դրամի։
«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» զբաղվում է Marlboro, Parliament, L&M և այլ տեսակների ծխախոտների ներկրմամբ։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» հայաստանյան մրցակիցը՝ «Ջեյ Թի Այ Արմենիան» (Japan Tobacco International), հակառակը՝ զիջել է դիրքերը։ Winston, Camel, Sobranie և այլ ծխախոտների ներկրմամբ զբաղվող այս ընկերության հասույթը թեպետ փոքր-ինչ աճել է՝ 12.3 մլրդ դրամից հասնելով 12.5 մլրդ դրամի, սակայն աճել է նաև վնասը՝ 225.2 մլն դրամից հասնելով 292.3 մլն դրամի։

Ավելացնենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ծխախոտի ներկրման ծավալները 2014-2016 թվականներին աճել են՝ տարեկան 119.7 մլն տուփից հասնելով 150.9 մլն տուփի։