Կառավարությունը արտոնություն կտա «Քանաքեռի կարի ֆաբրիկային»


Կառավարությունը արտոնություն կտա «Քանաքեռի կարի ֆաբրիկային»
Օգոստոս 9 10:22 2017

Օգոստոսի 10-ին կայանալիք նիստում կառավարությունը նախատեսում է բավարարել «Քանաքեռի կարի ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը։ Այս մասին Armday.am-ը տեղեկանում է կառավարության վաղվա նիստի օրակարգից:

ՍՊԸ-ն խնդրել է մաքսատուրքից ազատել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը, ինչպես նաև սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

Որոշման նախագիծը գործադիրի անդամներին կներկայացնի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է կտորի և օժանդակ նյութերի կարի արտադրության մեջ։ Ներմուծվող հումքը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չի բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։

Ըստ կառավարության՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: