Հայկական եւ ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info


Հայկական եւ ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info
Օգոստոս 9 09:53 2017

Razm.info-ն գրում է. 2017-ի հուլիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է հայկական բանակի 5 զինծառայող:

Մարտական

• Հուլիսի 10-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Վազգեն Ժիրայրի Պողոսյանը (ծնված 1997թ.):

Ոչ մարտական կորուստներ

• Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ.): Միջադեպի առիթով մեկ անձ ձերբակալվել է։

• Հուլիսի 28-ին Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզի դիրքերից մեկում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով հրազենի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արկադի Լևոնի Ղամբարյանը:

Վիրավորներ

• Հուլիսի 7-ին Ադրբեջանի զինուժի կողմից ՊԲ դիրքերի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

• Հուլիսի 19-ին ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Արարատի գնդի պայմանագրային զինծառայող (անունը չի հրապարակվել):

• Հուլիսի 28-ին ՀՀ ԶՈւ՝ Տավուշի մարզում տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մայրանյանը (ծնված 1976թ․)։

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից հուլիսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 38 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 3 3 1
Փետրվար 3 3 6
Մարտ 3 1 6
Ապրիլ 2 3 1
Մայիս 2 6 2
Հունիս 4 2 17
Հուլիս 1 2 5
Ընդհանուր 18 20 38
Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հուլիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական կորուստ է մեկը: Հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի ներքին զորքերից:

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 4 դեպքերից հայտնել են միայն մեկի մասին: Երկու վիրավորներից ևս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնել են միայն մեկի մասին:

Մարտական կորուստներ

• Հուլիսի 30-ին «հայկական կողմի արձակած կրակոցից» մահացել էԱդրբեջանի բանակի զինծառայող, լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն(Əkbərli Hüseyn Zakir oğlu):

Ոչ մարտական կորուստներ

• Հուլիսի 21-ին մահացել է Ադրբեջանի բանակի՝ ծանր վիրավորված զինծառայող Սոլթանով Նահիդը (Soltanov Nahid): Անհայտ հանգամանքներում զինծառայողը վիրավորվել էր հուլիսի 14-ին և շուրջ մեկ շաբաթ մահամերձ վիճակում հոսպիտալում էր։

• Հուլիսի 21-ին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի զինծառայող, 1995 թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուի (Əzizli Dayandur Nuru oğlu) մահվան մասին: Զինծառայողի ընտանիքի անդամներին չեն ասել նրա մահվան հանգամանքները։

• Հուլիսի 21/22-ին մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող, սերժանտ Հյումբեթով Վյուսալ Նովրուզ օղլուն (Hümbətov Vüsal Novruz oğlu): Զինծառայողի մահվան հանգամանքները չեն բացահայտվել, իսկ հարազատներ պնդում են, որ նրան սպանել են:

Վիրավորներ

• Հուլիսի 14-ին Աղդամի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում վերոնշված Սոլթանով Նահիդի հետ միասին վիրավորվել էր ևս մեկ զինծառայող, որի անունը հայտնի չէ:

• Հուլիսի 25-ին հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի հատվածում (հայկական Մարտակերտի ուղղություն) վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաբաքիշիև Մուրազ Քամալ օղլուն (Babakişiyev Muraz Kamal oğlu): Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ զինծառայողը վիրավորվել է հայկական կողմի կրակոցից:

Բացի նշված կորուստներից՝ հայտնի է դարձել հուլիսին ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում կա հավանականություն, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար տեղեկությունների պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:

Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից հունիսի 30-ը Ադրբեջանի բանակի 39 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 1 3* ”
Փետրվար 9 1 ”
Մարտ 3 2 2
Ապրիլ 1 5 1
Մայիս 1 3 ”
Հունիս 3 3** ”
Հուլիս 1 3 2
Ընդհանուր 19 20 5
* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:

** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում: