ՀՀ քաղաքացին, ով միրգ տանելու փաստաթղթերով 10 տ կենդանի խեցգետին ու 1 տ ապխտած ձուկ է տարել, Վրաստանում ձերբակալվել է


ՀՀ քաղաքացին, ով միրգ տանելու փաստաթղթերով 10 տ կենդանի խեցգետին ու 1 տ ապխտած ձուկ է տարել, Վրաստանում ձերբակալվել է
Օգոստոս 8 16:40 2017

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության և մաքսային վարչության աշխատակիցներն իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում Սադախլոյի սահմանակետում ձերբակալել են ՀՀ քաղաքացու, ով ապօրինի կերպով փորձել է Վրաստան ներկրել մեծ քանակությամբ կենդանի խեցգետին ու ապխտած ձուկ:

Այս մասին հաjտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության պաշտոնական կայքը:

Մաքսային ծառայությանը ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ քաղաքացին պետք է Հայաստանից Վրաստան տաներ տարբեր տեսակի մրգեր, սակայն զննությունից հետո պարզվել է, որ մրգերից բացի բեռնատարի սառնարանում եղել է 10 տոննա 339 կգ կենդանի խեցգետին և 1 տոննա և 110 կգ ապխտած ձուկ:

Ապրանքն առգրավվել է, որի մաքսային արժեքը կազմում է 35 հազար 310 լարի (ավելի քան 7 մլն ՀՀ դրամ):

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է 5-7 տարվա ազատազրկում:

Կատարվում է հետաքննություն: