Ավելացել են արտահանման և ներմուծման ծավալները


Ավելացել են արտահանման և ներմուծման ծավալները
Օգոստոս 8 16:05 2017

Արտահանման և ներմուծման ծավալները 2017-ի հունվար-հունիս ամիսներին ավելացել են 2016-ի նույն ժամանակի համեմատ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2017-ի հունվար-հունիս ամիսներին արտահանման աճի տեմպը կազմել է 121.0 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 125.8 տոկոս:

Արտահանման ամենամեծ ծավալն ունեցել են հանքահումքային արտադրանքը՝ 218 մլն 284.7 հազ ԱՄՆ դոլար, պատրաստի սննդի արտադրանքը՝ 240 մլն 673.0 հազ. ԱՄՆ դոլար, այնուհետև՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը՝ 145 մլն 953.4 հազ դոլար: Հայաստանից արտահանման ամենափոքր ծավալն ունեցել են կենդանական և բուսական ծագման յուղերը և ճարպերը՝ 42.6 հազ դոլար:

Դեպի Հայաստան ներմուծման ամենամեծ ծավալը հունվար-հունիս ամիսներին ունեցել է հանքահումքային արտադրանքը՝ 306 մլն 599.4 հազ. ԱՄՆ դոլար, մեքենաները, այնուհետև սարքավորումներն ու մեխանիզմները՝ 253 մլն 382.1 հազ ԱՄՆ դոլար, պատրաստի սննդի արտադրանքը՝ 175 մլն 004.4 հազ ԱՄՆ դոլար: Ներմուծման ամենափոքր ծավալն ունեցել են արվեստի ստեղծագործությունները՝ 228.1 հազ. ԱՄՆ դոլար:

Արտահանման ծավալը 2017-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 993 մլն 882.6 հազար ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 821 մլն 613.6 հազարի համեմատ: Ներմուծման ծավալը կազմել է 1 մլրդ 821 մլն 165.6 հազար ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 1 մլրդ 448 մլն 017.5 հազար դոլարի համեմատ:



loading...