Ըմբիշ Մալխաս Ամոյան. Իմ սխալի պատճառով ոսկին չկարողացա վերցնել


Ըմբիշ Մալխաս Ամոյան. Իմ սխալի պատճառով ոսկին չկարողացա վերցնել
Օգոստոս 8 14:17 2017

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն, 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը Տամպերեից վերադառնալով՝ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Մասնակցությունիցս այնքան էլ գոհ չեմ, որովհետև մեկնել էի միայն չեմպիոն դառնալու նպատակով:

Իմ սխալի պատճառով չկարողացա ոսկին վերցնել: Շուտ սկսեցի ուրախանալ, հավատալ մոտալուտ հաղթանակին ու սկսեցի պաշտպանվել, ինչն էլ բերեց ցավալի պարտության:

Եղածը՝ եղած է, ոչինչ հետ բերել չես կարող: Սա ինձ համար դաս եղավ: Հիմա ավելի նպատակասլաց եմ մարզվելու ու այլևս այդպիսի սխալներ թույլ չեմ տա: Անելու եմ ամեն բան, որ հաջորդ անգամ ես լինեմ չեմպիոնը»,- ասել է Մալխաս Ամոյանը:

Հիշեցնենք` հայ ըմբիշը ԱԱ-ի եզրափակչում պարտվել է իրանցի Ամին Վաիյանինեջադին 3:3 հաշվով: Ամոյանի` գոտեմարտի ժամանակ զգուշացում ստանալու պատճառով իրանցի մարզիկի ակտիվում գրանցվել էր 2 միավոր:

Ամոյանը որակավորման փուլում 9:0 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Վալենտին Պետիչին, ապա 1/8 եզրափակչում պարտության մատնել Ուկրաինան ներկայացնող Անդրի Պարցեին (8:0): Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր ադրբեջանցի Նամազ Ռուստամովին (5:1), իսկ կիսաեզրափակչում` թուրք Մուրատ Ֆիրատին (3:3):