Փոփոխությունների մեկնարկը տրված է. առաջիկայում պաշտոնանկություններ կլինեն


Փոփոխությունների մեկնարկը տրված է. առաջիկայում պաշտոնանկություններ կլինեն
Օգոստոս 5 14:31 2017

Իշխանությունները պատրաստվում են վերադասավորումների: Մասնավորապես աշնան մեկնարկը կլինի բավականին թեժ: Armday.am-ին հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ առաջիկայում պաշտոնանկություններ են սպասվում: Մասնավորապես որոշ մարզպետներ մինչեւ սեպտեմբեր եւ այդ ամիս պաշտոնանկ կարվեն: Իրազեկ աղբյուրներից հայտնի դարձավ, որ պաշտոնանկությունները չեն շրջանցի նաեւ որոշ քաղաքային ղեկավարների ու վարչական շրջանների ղեկավարների:
Նշենք, որ պաշտոնանկությունների հարցը քննարկվել է մինչ Սերժ Սարգսյանի արձակուրդ գնալը: Տեղեկությունների համաձայն այդ ընթացքում իշխանական էլիտայի ներկայացուցիչներից շատերը փորձել են անձամբ, կամ միջնորդավորված կերպ իրենց ապագայի վերաբերյալ մանրամասներ ճշտել ՀՀԿ ղեկավարից: «Փոփոխությունների մեկնարկը տրված է»,- ի պատասխան տարբեր հարցադրումների ասել է Սերժ Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ իշխանությունը ցանկանում է հնարավորինս անաղմուկ ազատվել այդ կադրերից, որպեսզի մամուլում տարբեր մեկնաբանություններ չլինեն: Դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Կառավարության՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են մարզպետների գործունեության գնահատման նոր շափորոշիչներ: Այսուհետ մարզպետների աշխատանքը կգնահատվի ներգրաված 11 չափորոշիչներով: Այսինքն՝ տարածքային ՀՆԱ-ով, մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալով, մարզում աշխատատեղերի թվաքանակով, համայնքային բյուջեների սեփական եկամուտներով, համայնք - մասնավոր հատված համագործակցությունով, աղբահանության և սանիտարական մաքրումով, մարզում ֆերմերային տնտեսությունների թվաքանակով, մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ, և թե մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ որքան կկազմի աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թիվը, բացի այդ՝ հաշվի կառնվի դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը նաև. առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը:

Առավել քան ակնհայտ է, որ գործող մարզպետներից շատերին չի հաջողվի իրենց աշխատանքը հիշյալ չափորոշիչներին հապատասխանեցնել եւ հետեաբար նրանց կասեն ցտեսություն: Ինչ վերաբերում է քաղաքապետերին եւ թաղապետերին, ապա փոփոխությունների մեկնարկը նրանց հարցում եւս տրված է: Տեղեկությունների համաձայն կփոխվեն երեք քաղաքապետեր եւ նույնքան էլ վարչական շրջանների ղեկավարներ: Առաջիկա մեր հրապարակումներում կներկայացնենք փոփոխվող պաշտոնյանների անունները:

Փայլակ Ֆահրադյան