Հրանուշ Հակոբյանի խայտառակությունը


Հրանուշ Հակոբյանի խայտառակությունը
Օգոստոս 2 12:27 2017

Հայաստանում այս օրերին շարունակվում է Սփյուռքի նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող և այս տարվա հունիսից մեկնարկած «Արի տուն» ամառային ծրագիրը, որն, ինչպես պարզվում է, այս անգամ այդքան էլ հարթ չի ընթանում:
Tert.am-ին հայտնի է դարձել, որ ծրագրին մասնակցող Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները լքել են «Արի տուն»-ն ու վերադարձել Ստամբուլ:
Լրատվամիջոցի հետ զրույցում ստամբուլյան թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն հաստատել է պոլսահայ երեխաների՝ Հայաստանում խտրական վերաբերմունքի ու ազգային հողի վրա վիրավորանքների արժանանալու և Ստամբուլ վերադառնալու մասին լուրերը:

«Երեխաների միջև ծագած վեճն ամբողջովին մանկական, անհարկի թեմաների շուրջ է եղել, որը կարելի էր հարթել համապատասխան ճիշտ աշխատանքի շնորհիվ, ինչը չի արվել կազմակերպիչների կողմից: Մեր խնդիրն ու հեռանալու պատճառը ոչ թե մեզ հետ վիճած մասնակիցներն են, այլ Սփյուռքի նախարարության, չնայած մեր բոլոր զգուշացումներին, անտարբեր ու կողմնակալ մնալու փաստը», - Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Ստամբուլի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն:

Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է քան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ապաշնորհ գործունեության հետեւանք: Առհասարակ Հայաստանում Սփյուռքի նախարարության դերակատարությունը զրո է, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դժվար թե Հայաստանից տարբեր պատճառներով հեռացած քաղաքացիները լսեն Հակոբյանի «սրտաճմլիկ» ելույթները եւ վերադառնան Հայաստան: Սփյուռքի նախարարության ստեղծման եւ տիկին Հակոբյանին այդ պաշտոնում կարգելուց հետո նրա միակ գործը եղել է ինքնամոռաց այս կամ այն երկրում հանդիպումներ ունենալն ու դրամ խնդրելը: Հիշեցնենք, որ Հակոբյանը օրինակ սփյուռքահայերին կոչ էր անում գումարներ ներդնել հայաստանյան բանկերում: «Թող մեզ չտան, թող բանկերում հաշիվ բացեն», մեծահոգաբար ասում է Հրանուշ Հակոբյանը:

Հրանուշ Հակոբյանին չի մտահոգում այն հանգամանքը, որ ասենք պոլսահայ երեխաները կարող են խնդիրների առաջ բախվել Հայաստանում, նրան հուզում է միայն փողը: Սփյուռքից ամեն գնով փող «քերելու» մոլուցքն էր թերեւս պատճառը, որ Հրանուշ Հակոբյանն օրինակ ընդունեց ինքնակոչ գիտնականի: 2011-ի գարնանը Հրանուշ Հակոբյանի աշխատասենյակում հայտնվեց Արթուր Պողոսյան անունով ինքնակոչ մի երիտասարդ, որը կեղծված փաստաթղթերով տիկնոջն ու ՀՀ ղեկավարությանը համոզեց, թե ինքը հայտնի գիտնական է, ամերիկյան «NASA»-ից հրավեր է ստացել ու լինելու է առաջին հայ տիեզերագնացը: Այդ օրերին տիկին Հրանուշը նորհայտ Գագարինին լուսանկարվում էր, գրկում նրան, սպասելով,թե երբ պիտի տիեզերք սավառնի հայրենի տիեզերագնացը:
Չի բացառվում նաեւ, որ Սփյուռքի նախարարը լրջորեն մտածում էր «NASA»-ն Հայաստան տեղափոխելու հեռանկարների մասին, երբ վրա հասավ հիասթափությունը: Երիտասարդը պարզապես ինքնակոչ էր:

Այս դրվագը միայն բավարար է պատկերացում կազմելու Հրանուշ Հակոբյանի եւ նրա ղեկավարած կառույցի մասին: Գերատեսչություն, որի միակ առաքելությունը Հրանուշ Հակոբյանին հաճոյալն է:

Փայլակ Ֆահրադյան