Հարցման արդյունքներով վարչապետի գործելաոճը դրական է գնահատում ավելի քան 70%-ը.


Հարցման արդյունքներով վարչապետի գործելաոճը դրական է գնահատում ավելի քան 70%-ը.
Օգոստոս 1 10:55 2017

«Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անցկացրած հարցման արդյունքներով ՀՀ վարչապետի գործելաոճը դրական է գնահատում ավելի քան 70%-ը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԿ-ի նախագահ Արամ Նավասարդյանը` խոսելով սեպտեմբերին նշանակված Կարեն Կարապետյանի կառավարության վերաբերյալ իրականացված հարցման մասին, որի նպատակն էր պարզել, թե ինչ են մտածում քաղաքացիները քարոզարշավից առաջ և հետո։

Ըստ հարցման` Կարեն Կարապետյանի գործելաոճը լիովին դրական է գնահատում 12,6 տոկոսը, իսկ 59 տոկոսը` ավելի շուտ դրական: Կառավարության ղեկավարի աշխատանքը ավելի շուտ բացասական է գնահատում 14,6 տոկոսը, ընդհանրապես բացասական է գնահատում 7,6 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, Կարապետյանի աշխատանքն ավելի շատ դրական է գնահատում ավելի քան 70 տոկոսը։

Արամ Նավասարդյանի խոսքով, վարչապետի ներկայիս ռեյտինգը նվազել է քարոզարշավից առաջ և դրա ընթացքում ունեցած ռեյտինգի հետ համեմատած։

«Կարեն Կարապետյանին ընդհանուր առմամբ դրական էր գնահատում մոտ 81 տոկոսը, հիմա` 71,7 տոկոսը։ Նրա ռեյտինգը նվազել է մոտ 10 տոկոսով։ Չնայած, 71,7 տոկոսը ևս բավական բարձր ցուցանիշ է, որովհետև քաղաքական դաշտում չկա մեկ այլ գործիչ, որն ունի նման դրական արձագանք»,- ասել է  նա։

Վերջին 8 ամիսների ընթացքում Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը, հարցման համաձայն, լիովին դրական է գնահատում 10,1 տոկոսը, 49 տոկոսը` ավելի շուտ դրական, 23,7 տոկոսը` ավելի շուտ բացասական, իսկ 11,8 տոկոսը` ընդհանրապես բացասական։