Նրանք կկառավարեն դատարկվող Հայաստանը


Նրանք կկառավարեն դատարկվող Հայաստանը
Օգոստոս 1 12:09 2017

2018 թվականին Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական կառավարման մոդելի: Նոր Սահմանադրությամբ, հաջորդ տարվա ապրիլից Հայաս­տանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: ՀՀ կառավարության կազմը եւ կառուցվածքը սահմանող 147-րդ հոդվածով արձանագրվում է, որ կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից: Ըստ այդմ՝ փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, որոնք վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարու­թյան գործունեության առանձին ոլորտների համակարգումը:

Օրերս մամուլում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության ներքո երեք փոխվարչապետի նշանակման հարց է քննարկվում: Ըստ լուրերի՝ հետեւյալ կոնֆիգուրացիան է լինելու. մի փոխվարչապետը կլինի վարչա­պետ Կարեն Կարապետյանը, որը համակարգելու է տնտեսական բլոկը, մյուսը՝ ֆինանսների նախկին նախա­րար Գագիկ Խաչատրյանը, որը վեր­ջին ամիսներին կրկին ակտիվացել է, նախագահականի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն էլ ստանձնել են նրա PR-ը, որդու՝ Արցախի սահմաններին կատարած ներդրումային ծրագրերն են լուսա­բանվում եւ այլն: Բացի այդ Գագիկ Խաչատրյանը մշտապես հանդիսացել է իշխանական բուրգի առանցքային դեմքերից մեկը, ով մշտապես վայելել է գործող իշխանության հովանավորչությունը: Նրա անունը, իհարկե, մշտապես կապված է եղել կոռուպցիոն սկանդալների հետ, սակայն Խաչատրյան Գագիկին հաջողվել է ջրից չոր դուրս գալ: Օրինակ՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնում ներդրված հսկայական միջոցների փոշիացումը:

Armday.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ Խաչատրյանը պաշտոնանկ արվելուց հետո ձեռնամուխ է եղել նոր բիզնես գործունեության: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Խաչատրյանը Հյուսիսային պողոտայում կառուցում է հյուրանոցային համալիր, իսկ Կասկադին հարող տարածքում՝ գիշերային ակումբ: Այս օրերին, ի դեպ, Խաչատրյանը որդու հետ հաճախ է լինում այդ տարածքում, հետեւում՝ շինարարության ընթացքին: Իսկ որ Խաչատրյանի եւ Սարգսյանի հարաբերությունները ջերմ են, ակնհայտ դարձավ Եղվարդում վերջինիս կառուցած եկեղեցու բացման արարողությամբ, որին ներկա էին իշխանական էլիտայի բոլոր ներկայացուցիչները՝ Սարգսյանի գլխավորությամբ:

Որպես երրորդ փոխվարչապետ՝ քննարկվում է Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցը: Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու եւ առվակների ու գետակների մասին գրառումից անցել է տեւական ժամանակ, եւ ներկայումս, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Աբրահամյան- Սարգսյան հարաբերությունները այլեւս լարված չեն:
Ինչպիսին կլինի քաղաքական դասավորությունը 2018 թվականին, այնուամենայնիվ, ցույց կտա ժամանակը: Հատկապես, որ ինքը՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե դեռ բավական ժամանակ կա: «Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում պատասխանելով 2018թ-ին իր՝ վարչապետ դառնալու մասին հարցին, ասել էր Սերժ Սարգսյանը:

Եվ հետո, իսկ ի՞նչ էական է, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը, կամ ովքեր են լինելու փոխվարչապետերը, հատկապես, որ ՀՀ քաղաքացին վաղուց կատարել է իր «ընտրությունը»՝ արտագաղթը: Պաշտոնական վիճակագրության տվյալները հրապարակել էինք երեկ:

Փայլակ Ֆահրադյան