Ես ընդհանրապես ներմամբ չեմ ազատվել, նայած ով ինչ է ձևակերպում. դատարանը ճշտեց Սամվել Բաբայանի ինքնությունը


Ես ընդհանրապես ներմամբ չեմ ազատվել, նայած ով ինչ է ձևակերպում. դատարանը ճշտեց Սամվել Բաբայանի ինքնությունը
Հուլիս 31 16:07 2017

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Իգլա»-ի գործով դատավարությունը, նախագահող դատավորը Արշակ Վարդանյանն է:

Գործով անցնում է վեց ամբաստանյալ՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:

Մեղադրող դատախազն Արամ Արամյանն է:

Դատական նիստի մեկնարկին ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը:

«Ազգություն, քաղաքացիություն, կրթություն: Ընդհանուր հարցեր են, որ բոլորին են տրվում, դրանից մի նեղսրտեք»,- ասաց դատավոր Արշակ Վարդանյանը հարցերն ուղղելով Սամվել Բաբայանին:

«Հայ, Հայաստանի հանրապետության քաղաքացի, կրթությունը միջնակարգ»,-ասաց Բաբայանը:

Ինչ վերաբերում է նախկինում դատվածություն ունենալու մասին հարցին, Բաբայանն ասաց.« Ունեցել եմ խնդիրներ: Ընդհանրապես ես ներմամբ չեմ ազատվել: Ընդհանրապես կարող եք ոնց ուզում եք ձևակերպել: Նայած ով ինչ է ձևակերպում: Եթե իմ խոսքն եք լսում, ընդհանրապես հիվանդության պատճառով եմ դուրս եկել, բայց, թե ինչ են ձևակերպել դա իրենց խնդիրն է»,- ասաց Բաբայանը:

Դատավորը հայտնեց, որ հասկացավ, թե ինչ դիրքորոշում ունի Բաբայանը դատվածության հետ կապված:

Սամվել Բաբայանը դատարանին հայտնեց, որ ամուսնալուծված է, խնամքին անչափահաս երեխաներ չունի, իր խնամքին է գտնվում թոշակառու մայրը:

Հարցին, թե առողջականի հետ կապված լուրջ խնդիրներ ունի՞, Սամվել Բաբայանն ասաց.«Հլը որ չէ»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: