Աստված չանի արջը մեկին վնասի, Ձեր խիղճը Ձեզ հանգիստ չի տալու. Բախշյանի դիմումը՝ վարչապետին


Աստված չանի արջը մեկին վնասի, Ձեր խիղճը Ձեզ հանգիստ չի տալու. Բախշյանի դիմումը՝ վարչապետին
Հուլիս 29 16:50 2017

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին բարձրաձայնելով Վայոց Ձորի Չիվա եւ Ռինդ գՅուղերի բնակիչներին հուզող խնդիրները:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Պարոն վարչապետ,

Դուք այսօր Ջերմուկից ուղիղ վերադարձել եք Երեւան` առանց հանդիպելու ճանապարհի վրա գտնվող գյուղերի, մասնավորապես Չիվա եւ Ռինդ գյուղերի բնակիչների հետ, որտեղ անհամբեր սպասում էին Ձեզ, որպեսզի իրենց դարդերը պատմեն։ Քանի որ Դուք չլսեցիք իրենց, իսկ ես լսեցի, ուրեմն փոխանցում եմ Ձեզ իրենց դարդերն ու միանում իրենց պահանջներին։

1. Պարզվում է այս բնակավայրերում շատ արջեր կան եւ մարդիկ ոչ միայն ֆիզիկական բռնության են ենթարկվում, այլեւ հոգեկան վախի։ Միթե հնարավոր չէ այս ժողովրդին ազատել արջերի հարձակումներից, որոնք վնասում են նաեւ այգիները, նամանավանդ եղել են նման դեպքեր։

2. Լրջորեն բողոքում են ոռոգման ջրի գնից, գյուղից հեռու այգիները ջրելու համար վճարում են ժամը 2000 դրամ` առանց ջրաչափի, իսկ այգին ջրվում է 17-20 ժամում, խեղճ գյուղացիների վաստակածն ինչ է, որ ջուրն այդքան թանկ է, այն էլ այն ջուրը, որը տալիս է բնությունը։ Գյուղերում երիտասարդ չի մնում, հեռանկար չեն տեսնում գյուղում, այնինչ այս տարածաշրջանում գյուղատնտեսական ոլորտում կարող են լուրջ հաջողություններ ունենալ երիտասարդները։

3. Հաջորդ խնդիրը սա է, ճանապարհի Չիվա գյուղին հարակից հատվածում գյուղացիներն իրենց գեղեցիկ բերքն ու բարիքը վաճառում են ուղղակի հողի վրա։

Անընդհատ խոսում եք զբոսաշրջությունը խթանելու մասին։ Գյուղացիներն առաջարկում են այդ հատվածում գեղեցիկ վաճառասեղաններ տեղադրել ու քաղաքակիրթ ձեւով կազմակերպել այդ ընտիր մրգերի ու բանջարեղենի

առեւտուրը, որը կգրավի զբոսաշրջիկներին եւ որքան կօգտվեն գյուղացիները։ Լավ, չեմ հասկանում, միթե Վայոց Ձորի մարզպետը չի կարող այս պարզ խնդիրը լուծել ու գոհացնել ժողովրդին։

Պարոն Վարչապետ, եթե այս խնդիրները ուշադրության արժանացնեք, տարածաշրջանի ժողովուրդը շատ շնորհակալ կլինի, իսկ Դուք պարտավոր եք լսել նրանց, Աստված չանի արջը մեկին վնասի, Ձեր խիղճը Ձեզ հանգիստ չի տալու։ Ի դեպ, մարզպետն ի՞նչ գործի է, ինչո՞ւ չի լսում իր ժողովրդին»: