Մյուս տարի տեսնելու ենք մեծ փոփոխություններ. Կարեն Կարապետյան


Մյուս տարի տեսնելու ենք մեծ փոփոխություններ. Կարեն Կարապետյան
Հուլիս 29 16:10 2017

Մյուս տարի տեսնելու ենք մեծ փոփոխություններ: Այս մասին հուլիսի 28-ին, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով մարզի աղբահանության խնդրին:

Կառավարությունից հայտնում են, որ զեկուցվել է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մայիսի 27-ին մարզը մասնակցել է համապետական շաբաթօրյակին, 129 աղբավայրերից 112-ը փակվել են: Կազմվել են 4 աղբավայրի ամբողջական վերացման հաշվարկները, աշխատանք է տարվում գործող 13 աղբավայրից եւս 6-ի փակման ուղղությամբ: Կազմակերպչական աշխատանքներ են տարվել հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակը նույնպես կազմակերպված անցկացնելու համար:

Կարեն Կարապետյանը կարեւորել է տարբեր ծառայությունների մատուցման գործառույթներում, այդ թվում՝ աղբահանության, մասնավորին ներգրավելու հարցը եւ նշել, որ դա կբերի որակական փոփոխություն: Կառավարության ղեկավարն, անդրադառնալով «Մաքուր Հայաստան»-ին, ընդգծել է. «Նկատել եմ, որ միջհամայնքային ճանապարհներին կան մարդիկ, ովքեր զբաղվում են աղբահանությամբ ու դա մեծապես ուրախացնում է: Եթե այսպես հետեւողական շարունակենք՝ վեց ամիս հետո, մյուս տարի տեսնելու ենք մեծ փոփոխություններ»:

Այնուհետեւ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, փոքր եւ միջին բիզնեսի, զբոսաշրջության զարգացման ոլորտների պատասխանատուները զեկուցել են այդ բնագավառներում կատարված եւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Վարչապետը նախ անդրադարձել է պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ընդգծելով առաջարկվող պայմանների շահավետ լինելը եւ կարեւորելով դրանց մասին պատշաճ իրազեկումը: