Կարեն Կարապետյանը գտել է իր «գործը»


Կարեն Կարապետյանը գտել է իր «գործը»
Հուլիս 29 13:31 2017

Մեկնարկել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում անցկացվող համապետական շաբաթօրյակի աշխատանքները: Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

«Մաքուր Հայաստան» ծրագրի մասին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում է կառավարության յուրաքանչյուր նիստում: Այն, որ Հայաստանում մեծ թվով աղբ է կուտակված, քննարկումից դուրս է: Չի քննարկվում նաեւ այն հանգամանքը, որ «աղբի» զգալի կուտակումներ կան նաեւ պետական համակարգում: Այն մաքրելու անհրաժեշտությունը վաղուց է առաջացել: Փոխարենը, սակայն, երկրի բարձրագույն ղեկավարությունը զբաղված է, օրինակ, գյուղամիջի ճանապարհների մաքրմամբ:

Շատերը կհիշեն, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց Հայաստանի վարչապետի պաշտոնում, հայտարարեց, թե ժամանակն է անկեղծ եւ բաց աչքերով նայել իրականությանը: Իսկ իրականությունն այն է՝ Հայաստանի տնտեսությունը մահացել է, քաղաքացիները արտագաղթում են, գործազրկության մակարդակը բարձր է:

Կարապետյանը նաեւ հայտարարեց, թե ներդրողներ է բերելու, ովքեր մեր երկրում տնտեսության զարգացման հիմնաքարն են դառնալու: Այս հայտարարությունից անցել է տեւական ժամանակ, սակայն խոշոր ներդրողների այդպես էլ հայ հասարակությունը ականատես չդարձավ: Սա քաջ գիտակցում են նաեւ կառավարությունում, ինչի ապացույցն այն էր, որ Կարեն Կարապետյանը օտարերկրյա ներդրողներից ձեռք քաշեց՝ մնալով տեղական օլիգարխների հույսին:

Հիշեցնենք, որ օտարերկրյա ներդրողներ բերող Կարապետյանը վերջերս այցելել էր գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերություն, հետաքրքրվել օլիգարխի հայանպաստ գործունեությամբ:

Սա, թերեւս, քննարկման մեկ այլ թեմա է:

Վերադառնանք «Մաքուր Հայաստան» ծրագրին: Ինչու՞ է այն իրականացվում վարչապետի մակարդակով: Արդյո՞ք սա է երկրի թիվ մեկ խնդիրը: Ընդգծենք, որ Հայաստանը մաքուր տեսնելու հարցում որեւէ առարկություն չունենք, սակայն կարծում ենք, որ Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացու առջեւ ծառացած գլխավոր խնդիրը բնավ էլ կեղտոտ փողոցները չեն: Ի վերջո գոյություն ունեն մարզպետներ, քաղաքապետեր ու թաղաքապետեր, ովքեր սնվում են պետական բյուջեից, եւ ի պաշտոնե՝ պարտավոր են զբաղվել այդ կարգի հարցերով:

Հիմա հարց է առաջանում՝ ինչու՞ է անձամբ Կարապետյանն ամեն անգամ խոսում այդ մասին: Թերեւս, կա երկու բացատրություն: Տնտեսությունը զարգացնելու՝ վարչապետի հայտարարությունները իրականություն չեն դառնում, եւ նա ստիպված է այդ կերպ արդարացնել իր՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը: Կա նաեւ այլ տարբերակ. չի բացառվում, որ 2018 թվականին Կարապետյանն անցի այլ աշխատանքի, օրինակ «Սանիթեքում»՝ իհարկե միայն ու միայն ընկերության ղեկավարի հաստիքը զբաղեցնելու պայմանով:

Հավելենք, որ նախորդ շաբաթ Կառավարության նիստում ընդունվեց որոշում, համաձայն որի, չեխերը 9000 դոլար են հատկացնելու, որպեսզի արմավիրցիները սովորեն աղբ թափելու «հմտությունները»: Ժամանակին էլ Հայաստանի նախկին վարչապետերից Տիգրան Սարգսյանն էր, օրինակ, հսկայական գումարներ ներդնում, որպեսզի գյուղացիների շրջանում կովերի պտուկները ճիշտ լվանալու դասընթացներ անցկացվեն:

Վերջին երկու օրինակը, թերևս, բավական է Հայաստանի կառավարության, նրա փոփոխվող ղեկավարների մասին պատկերացում կազմելու համար:

Փայլակ Ֆահրադյան