Հավանական է, որ տվյալ համայնքապետը չգիտի, որ, օրինակ, աղբահանության միջին վճարը 200 դրամ է. վարչապետ


Հավանական է, որ տվյալ համայնքապետը չգիտի, որ, օրինակ, աղբահանության միջին վճարը 200 դրամ է. վարչապետ
Հուլիս 29 06:53 2017

Շատ հավանական է, որ տվյալ համայնքապետը նույնիսկ չգիտի, որ հանրապետությունում, օրինակ, աղբահանության միջին վճարը 200 դրամ է: Այս մասին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ մակրոտնտեսական ցուցանիշները` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ տարվա ընթացքում հաջողվել է հիմնականում ապահովել մարզպետարանի աշխատանքային ծրագրով եւ մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների կատարումը: Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել մարզի 72 համայնքներին` զարգացման ծրագրերի մշակման եւ ընդունման գործընթացում: Սյունիքի մարզում 2016 թվականին երկու փուլով իրականացվել են վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձեւավորվել են 5 խոշորացված համայնքներ՝ Տաթեւ, Գորիս, Տեղ, Մեղրի եւ Գորայք: 2017-ին կազմավորվել է 3 նոր համայնք՝ Կապան, Քաջարան եւ Սիսիան կենտրոններով, որոնց մեջ ներառվելու է 67 համայնք: Վահե Հակոբյանի խոսքով՝ մարզի համայնքների 2017թ. բյուջեներով նախատեսվել են մոտ 4.7 մլրդ դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` մոտ 1.6 մլրդ. դրամ։ Վեցամսյա ժամանակահատվածում նախատեսված 614.7 մլն դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 697.5 մլն դրամ, կամ նախատեսվածի 113.5 տոկոսը։ 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հավաքագրվել է 10.2 մլն դրամով ավելի գումար, սեփական եկամուտների աճը կազմել է 17.2 տոկոս։ Նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 6.9 մլրդ դրամի համաշինարարական աշխատանքներ, որոնց 23.8 տոկոսը կատարվել է պետական բյուջեի, իսկ 76.2 տոկոսը՝ ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:

Դոնոր կազմակերպությունները գյուղատնտեսության ոլորտում իրականացրել են ավելի քան 2.3 մլրդ ներդրումային ծրագրեր ֆերմերային տնտեսություններին աջակցության, ներտնտեսային ոռոգման ցանցի եւ ջրամատակարարման համակարգի վերակառուցման նպատակով: Զեկուցվել է, որ 2017թ. հրատապ ծրագրերի իրականացման համար հատկացվել է 294,2 մլն դրամ, որի շրջանակում շինարարական աշխատանքներ են տարվում մարզի Կապան, Սիսիան, Սպանդարյան, Արավուս, Մեղրի համայնքներում: Նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են ավելի քան 24.5 մլրդ դրամի ներդրումային, հումանիտար եւ վարկային ծրագրեր` ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները:

Անդրադառնալով ներկայացված ցուցանիշներին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բացի մարզերի անձնագրերով ներկայացված հայտանիշերից, առաջիկայում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ներկայացնելու է 11 հայտանիշ, որոնց միջոցով տվյալ մարզում արձանագրված ցուցանիշների հիման վրա գնահատվելու է մարզպետարանի աշխատանքը, մարզում առկա ընդհանուր իրավիճակը եւ այն համեմատվելու է այլ մարզերի ցուցանիշների հետ: Վարչապետն ընդգծել է, որ ներկա դրությամբ մարզերի եւ նույն հնարավորություններն ունեցող համայնքների միջեւ առկա են ֆինանսական եւ այլ անհամաչափություններ:

Կառավարության ղեկավարը կարեւորել է տարբեր ոլորտների թվայնացումն ու գույքագրումը եւ ավելացրել, որ թվերը լինելու են հետագա գործունեության ուղեցույց: «Շատ հավանական է, որ տվյալ համայնքապետը նույնիսկ չգիտի, որ հանրապետությունում, օրինակ, աղբահանության միջին վճարը 200 դրամ է, ինչը մեկ շնչի նկատմամբ մեծ թիվ չի կազմում, սակայն դրա դիմաց մատուցվում է սկզբունքորեն որակյալ այլ ծառայություն: Վստահ եմ, որ ունենք ավելորդ ծախսերի մեծ ծավալ կամ ավելի որակյալ ծառայությունների մատուցման մեծ ներուժ: Դուք ունեք բավականին լուրջ ռեսուրսներ, որոնք կարող եք շատ ավելի նպատակային կառավարել: Օպտիմալացմամբ որեւէ մեկը միջոցներ կրճատելու խնդիր չի դնում, բայց տեսնում ենք նաեւ, որ առօրյայում կառավարման մեջ ունենք բազմաթիվ ոչ հետեւողական եւ ոչ համակարգված աշխատանք»,- դիմելով համայնքապետերին՝ ասել է Կարեն Կարապետյանը: